Տնտեսական դրույթները՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում
«Հայաստանի Հանրապետական» կուսակցության նախընտրական ծրագրում տնտեսական դրույթները խարխսված են չորս հիմնական կետեր վրա,- «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնած «Քարոզարշավ բոլորի համար» քննարկման ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Դավիթ Սարգսյանը՝ ներկայացնելով տնտեսական ծրագրային դրույթները:
Թվարկելով հիմնարար կետերը՝ մակրոտնտեսական, ֆինանսական կայունության շարունակական ապահովում, ներդրումային միջավայրի համար պայմանների հետագա բարելավում և ներդրումների ապահովում, բիզնես նախաձեռնությունների, հատկապես ՓՄՁ ոլորտին աջակցության տրամադրում, տնտեսական հավասար մցակցային պայմանների ապահովում, նա նշեց, որ սրանց վրա ներկայացված է այն տեսլականը, միջոցառումները, անելիքները, որոնք իրենց կուսակցությունն առաջարկում է և տեսնում որպես հիմնական անելիք առաջիկա տարիներին:
«Իհարկե, առաջին հիմնական կետերը շարունակում են մնալ գործարար միջավայրը, գործարար միջավայրում առկա խութերը, վարչարարության հետ կապված ոչ հավասար կիրառումը: Բոլոր խոչընդոտների վերացման արդյունքում աջակցություն պետք է ստանա ինչպես փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտը, այնպես էլ ողջ գոծարար միջավայրը»,- ասաց Դ. Սարգսյանը:
Նրա խոսքով, բավարար չեն այն ներդրումների մակարդակը, որ գոյություն ունի: Ծրագրում, Դ. Սարգսյանն ասաց, որ ներկայացված են այն ծրագրերը, անելիքները, միջոցառումները, որոնք պետք է բերեն ներդրումների ծավալի աճ:
Նա նշեց, որ ծրագրում ներկայացված են նաև ճյուղային ոլորտները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ներկայացված են այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն այդ ոլորտներում զարգացում ապահովելու համար: Առանձին անդրադարձ կա ենթակառուցվածքներին, դրանց արդյունավետ կառավարմանը և այդ ոլորտներում անելիքներին:
Խոսելով վերջին տարիներին տնտեսության ոլորտում ձեռքբերումների մասին, նա նշեց, որ վերջին հինգ տարում ներդրումներ են արվել առողջապահության ոլորոտւմ՝ մարզերում ունեն ամբողջությամբ վերանորոգված, նոր տեխնոլոգիաներով հիվանդանոցներ, հեռահաղորդակցության ոլորտում են արձանագրվել ձեռքբերումներ: Դ. Սարգսյանի խոսքով, միջին աշխատավարձը վերջին 5-7 տարում ավելացել է, բայց, իհարկե, բավարար չէ:
«Իհարկե, իմ կարծիքով կան շատ ձեռքբերումներ, կան նաև շատ խնդիրներ, որոնք մեզ դեռ չի հաջողվել լուծել»,- ասաց ՀՀԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ որպես թիրախային կետ ընտրել են միջնաժամկետ հատվածում 5-6 տոկոս տնտեսական աճի ապահովումը:
«Ելք» կուսակցությունների դաշինքից Մանե Թանդիլյանը ներկայացելով իրենց դաշինքի ծրագրի տնտեսական դրույթները, ասաց, որ իրենք ներկայացում է ոչ թե ինչ, այլ ինչպես:
«Այն թեման, թե ինչ պետք է անել, որպեսզի երկիրը դուրս գա այս վիճակի, բոլորս ասում ենք, գիտենք, այդ պատճառով շեշտադրումներ ենք կատարել քայլերի վրա, թե ինչ քայլերով է դա պետք անել»,- նշեց նա:
Մ. Թանդիլյանն ասաց, որ երկրում արդարադատության չգոյության, կոռումպացված համակարգի պայմաններում հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը: Նա նաև նշեց, որ տնտեսության զարգացման հիմքը միջին խավն է, որը Հայաստանում շատ փոքր է, չնչին:
«Մեզ անհրաժեշտ է վերականգնել միջին խավի գոյությունը, արտոնություններ տրվեն փոքր և միջին ձեռնարկություններին»,- ասաց «Ելք» դաշինքի ներկայացուցիչը:
Նրա խոսքով, իրենք առաջարկում են մինչև 500 միլիոն դրամի շրջանառություն ունեցողներին հարկել շրջանառության հարկով:
«Մեր հարկային վարչարարությունը շատ բարդ է, շատ հաճախ մահակ է տնտեսվարողների գլխին, ուղղակի որպես պատժամիջոց է կիրառվում: Պետք է ՓՄՁ-ներին տալ ընդլայնվելու հնարավորություն»,- նշեց նա՝ հավելելով, որ իրենք առաջարկում են նաև ներառել ՓՄՁ օմբուդսմենի ինստիտուտ, քանի որ այսօրվա Հայաստանի պայմաններում նրանք անպաշտպան են:
Մ. Թանդիլյանի խոսքով, իրենց ծրագրում շեշտադրումներ են արված նաև ոլորտային զարգացումների վրա, մասնավորապես ՏՏ ոլորտի, առաջարկում են արմատապես վերանայել մաքսազերծման խոչընդոտները:
«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքից Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ երկրում վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանում ձևավորվել է վստահության ճգնաժամ, ինչի արդյունքում ունեն մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վատթարացում, բնակչության զգալի մասն ունի բարեկացության ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ, 1 միլիոնից ավելի աղքատ բնակչություն, վերջին տաս տարվա ընթացքում 350 հազարի ավելի արտագաղթ:
Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է 15 առաջային կետի իրականացում, որը հնարավորություն կտա կարճ ժամկետում որոշ չափով կարգավորել հասարակության բարեկեցության հետ կապված խնդիրները, մասնավորապես առաջարում են կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում, էլեկտրաէներգիայի, գազի սակագների նվազում, փոքր և միջին բիզնեսի համար երեք տարի հարկային արտոնությունների տրամադրում բոլոր հարկատեսակների գծով, վերջին տարիներին կուտակված 60 միլիարդի չափով հարկային տույժերի ամբողջությամբ համաներում:
«Նշված ծրագրերն առարկայական են, չափելի, կարճ ժամկետում իրականացվող: Այս տարվա ընթացքում արդեն հնարավոր է որոշակի բարեկեցության ապահովում, որը հնարավորություն կտա տնտեսության որոշակի աշխուժացում»,- նշեց Մ. Առաքելյանը:
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցչի խոսքով, ակնկալում են տարեկան 6 տոկոս ՀՆԱ աճ: Նա ասաց, որ մի շարք այլ ծրագրերի իրականացումը, հարկային օրենսդրության բարեփոխումները կնպաստեն ներդրումների աճին, բարեկեցության բարձրացմանը:
Հարցին, թե կենսաթոշակերի, աշխատավարձերի բարձրացումը, ՓՄՁ-ներին հարկային արտոնություններ տալը ենթադրում են ծախսեր, որքանո՞վ է հնարավոր դա անել, Մ. Առաքելյանն ասաց, որ իրենց ծրագրերի իրականացման համար պետք է առավելագույնը 60-70 միլիարդ լրացուցիչ հարկային մուտքեր:
«Որտեղից այդ գումարը: Ճանապարհները մի քանիսն է, 6 տոկոս տնտեսական աճը բյուջեի համար կապահովի նվազագույնը 4-5 տոկոս հարկային մուտքերի ավելացում, առկա ստվերային տնտեսության զգալի հատվածի կրճատումը բյուջետային մուտքեր կապահովի, ինչպես նաև մենք բյուջետային ծախսերի արդյունավետությունը գնահատում ենք բավական ցածր»,- ասաց «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան