«Հայաստանն ակնկալում է կայուն տնտեսական աճ՝ սկսած 2018 թվականից». ՀՀ վարչապետ
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը հատված է թարգմանել ու տարածել Կարեն Կարապետյանի՝ «Reuters» գործակալությանը տված հարցազրույցից:
«Հայաստանը պատրաստ է գնալ այնպիսի քայլերի, որոնց արդյունքում կկրճատվեն պետական ծախսերը, կվերացվեն մասնավոր ներդրումների ճանապարհին առկա խոչընդոտները, որպեսզի հաջորդ տարի երկրի տնտեսությունը դրվի կայուն հիմքերի վրա»,-ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նշել է, որ նորաստեղծ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը մասնավոր հատվածի հետ համատեղ պետք է մշակի կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր: Նա իրատեսական է համարում այս տարի 850 մլն դոլար ընդհանուր ծավալով ներդրումների ներգրավումը, մեծ մասը՝ մասնավոր հատվածից:
Կարեն Կարապետյանի կարծիքով. «Մենք կկարողանանք դիմակայել մարտահրավերներին և հասնել 3,2 տոկոս տնտեսական աճի ընթացիկ տարում: Հենց որ կայունացնենք տնտեսական իրավիճակը, 2018 թվականին կարող ենք ունենալ հաստատուն տնտեսական աճ»:
Վարչապետը նշել է նաև, որ կառավարության ուշադրության կենտրոնում կլինի կոռուպցիայի դեմ պայքարը: