Պետք է ուղղակի մարդ մնալ, անգամ երբ հակառակորդն իրեն մարդավարի չի պահում. Էդվարդ Նալբանդյան
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ բանակցություններ չեն ընթանում այսօր այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ապրիլյան նոր ագրեսիայով շատ լուրջ հարված հասցվեց բանակցային գործընթացին»,- Երևանում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ադրբեջանական կողմը հայտարարում է, որ բանակցություններ չեն ընթանում հայկական կողմի պատճառով:
Նախարարը նշեց, որ բանակցային գործընթացը հետ է մղվել ապրիլյան ագրեսիայից հետո, այդ պատճառով Հայաստանն ու եռանախագահող երկրները քայլեր ձեռնարկեցին, շարունակում են ջանքերն ուղղված համապատասխան պայմաններ ստեղծելու համար, որպեսզի բանակցային գործընթացներն առաջ մղվեն, կայացան Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովները, որոնց ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ:
«Միջազգային հանրությունը, Հայաստանը, եռանախագահները խոսում են մեկ լեզվով, Ադրբեջանն այլ լեզվով: Ադրբեջանն է հրաժարվում իրականացնել այդ գագաթաժողովների ժամանակ ձեռք բերած պայմանավորվածությունները: Երբ որ հանդիպումներ են կայանում, պայմանավորվածություններ են ձեռք բերվում, հետո չենք իրականացում, հարց է առաջանում՝ արդյո՞ք Ադրբեջանն իսկապես պատրաստ է բանակցությունների, դրանց ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացմանը»,- ասաց Է. Նալբանդյանը՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, դա է պատաճառը, որ համանախագահները Հայաստանի, Ադրբեջանի հետ փորձում են հնարավոր ջանքեր գործադրել, որպեսզի առաջ մղեն բանակցային գործընթացը:
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն, ովքեր արդեն եղել են Ադրբեջանում, մարտի 27-ին կայցելեն նաև Հայաստան, ԼՂՀ:
«Պետք է փորձենք այս գործընթացն առաջ շարժել, բայց նախ և առաջ պետք է բացառվեն այնպիսի իրադարձությունները, ինչպիսին տեղի ունեցան ապրիլին, պետք է համապատասխան, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն բանակցային գործընթացի համար»,- ասաց Է. Նալբանդյանը:
Հարցին, թե ռուսական կողմի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին պայմանավորվածություն կա՞, Է. Նալբանդյանն ասաց. «Եթե այդպիսի նախաձեռնություն լինի, մենք երբևէ հանրությունից գաղտնի չենք պահի, ամեն ինչի մասին բացեիբաց խոսում ենք։ Այդ Ադրբեջանն է, որ ամեն անգամ իր ուզած ձևով է ներկայացնում։ Ներկա պահին խոսքը գնում է միայն եռանախագահների՝ տարածաշրջան այցի մասին: Հայաստանը երբեք չի հրաժարվում հանդիպումներից ոչ նախարարների, ոչ ավելի բարձր մակարդակով, բայց պետք է այդ հանդիպումները համապատասխան ձևով նախապատրաստվեն, ադրբեջանական կողմը պետք է պատրաստ լինի բանակացություներին ոչ թե ձևացնի, որ բանակացություններ է վարում, բայց իրականության մեջ շանտաժների լեզվով է խոսում: Շանտաժների լեզվով բանակցություններ վարել անհնար է»:
Հայտարարության հետ կապված հարցին, որ ի հակառակ Բաքվի, հայկական կողմը հավատարիմ իր հանձանառություններին մշտապես վերադրաձնում է վնազազերծված ադրբեջանական դիվերսանտների դիակները, արդյոք ճիշտ են մեր կողմի այս միակողմանի քայլերը, նախարարը պատասխանեց. «Մենք չենք կարող իջնել Ադրբեջանի մակարդակին, մի երկիր, որտեղ դիվերսանտները, մարդասպանները, դահիճները հռչակվում են ազգային հերոսներ: Հայաստանը, Արցախը մշտապես գործում են միջազգային կոնվենցիաներին համապատասխան, դրանցից բխող պարտավորությունների համաձայն, որոնցից մեկը զոհվածների դիակների վերադարձն է: Խոսքը գնում է ոչ միայն կոնվենցիաների, միջազգային իրավունքի մասին, այլ պետք է ուղղակի մարդ մնալ, անգամ երբ որ հակառակորդն իրեն մարդավարի չի պահում: Սա է այն մեծ տարբերությունը, որ կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան