Եթե Հայաստանը չլիներ ԵԱՏՄ անդամ, ապա տնտեսությունն ավելի լավ պայմաններում կհայտնվեր. Հրանտ Բագրատյան
«Երբ մարդն ասում է երկու անգամ աշխատավարձ կբարձրացնեմ կամ կրթության ֆինանսավորումը կավելացնեմ երկու անգամ, ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս: Երկիրը կոլապսի մեջ է, երկիրն անվճարունակ է, մի կերպ, նոր պարտքեր վերցնելով յոլա են գնում, հաջորդ նոր պարտքերի փուլը կգա ընտրություններից հետո»,- այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնած «Քարոզարշավ բոլորի համար» քննարկման ժամանակ լսելով այլ քաղաքական ուժերի և դաշինքների նախընտրական ծրագրերի տնտեսական դրույթներն՝ ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցությունից առաջադրված Հրանտ Բագրատյանը։
Նրա խոսքերով՝ իրենց նախընտրական ծարգիրը կազմելիս մտածել են, թե ինչպես անեն, որ երկրի տնտեսությունն աճի: «Առաջին՝ պետք է ավելացնել ներդրումները ներքին խնայողությունների հաշվին, բայց այստեղ մեզ խանգարում է Կենտրոնական բանկը: Չկա ներդրումային հիմնադրամ՝ ժողովրդի համար։ Մեր ներդրողներն օլիգարխներ են՝ ներքին կամ արտաքին։ Մենք ժողովրդին չենք սովորեցնում, որ ներդրումներ անեն»,- նշեց Հրանտ Բագրատյանը:
Ըստ նրա՝ քաղաքներին, գյուղերին պետք է տրվի ֆինանսական լիարժեքություն: «Բոլորը, ես, դու, նա, բոլորը պետք է աշխատեն տնտեսական աճի համար։ Չէ, մեր երկրում մտածում են մենակ պրեզիդենտն ու վարչապետը պետք է աշխատեն տնտեսական աճի վրա», - ասաց Հրանտ Բագրատյանը։
Հաջորդը վերաբերում է փոքր բիզնեսին: «Միկրո, փոքր և միջին բիզնեսի տեսակարար կշիռը պետք է լինի ՀՆԱ-ի 70 տոկոսը, քանի որ այն կարողանում է արագորեն փոխվել:
Հրանտ Բագրատյանը համեմատություն անցկացրեց նաև իրենց և Հանրապետական կուսակցության առաջարկած նախընտրական ծրագրերի միջև՝ նշելով, որ ՀՀԿ-ի ծրագրում չի տեսնում այն մտահոգությունները, որոնք իրենք ունեն: «Պոպուլիստական ոչինչ չունենք»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը, Հրանտ Բագրատյանն ասաց, որ եթե Հայաստանը չլիներ ԵԱՏՄ անդամ, ապա տնտեսությունն ավելի լավ պայմաններում կհայտնվեր:
Նա նշեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո առևտրում ոչինչ չի փոխվել, քանի որ 2011թ-ից ԵԱՏՄ-ի անդամ երկրների հետ գտնվում էինք ազատ առևտրի գոտում:
«2016 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ մի ահավոր իրադարձություն: Հայաստանը, առանց դիտողություն անելու, ստորագրեց ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը: Համաձայն այդ օրենսգրքի՝ 2017թ-ի հուլիսի 1-ից մաքսային արտոնությունները վերանում են: Մենք ինչու՞ պետք է Իրանից դիզվառելիք գնենք և վճարենք հսկայական մաքսատուրք: Ինչի՞, մեր հարևանն է, մեր գործընկերն է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Վերջում նա հավելեց. «Մենք գտնում ենք, որ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից և մնալ ազատ առևտրի գոտու մեջ: Երկու տարվա ընթացքում առևտուրը կրճատվել է 800 մլրդ դոլարով, բա գնացել ենք էնտեղ, որ 800 մլն կորցնե՞նք», - ասաց Հրանտ Բագրատյանը:
Հարակից հրապարակումներ`
- 365 օրվա ընթացքում քաղաքացին տարբերությունը տեսնելու է. Արմեն Մարտիրոսյանը՝ ՕՐՕ-ի ծրագրի տնտեսական դրույթների մասին
- Տնտեսական դրույթները՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում