Ձեր տուն քանդողները գյուղապետերն են. Գագիկ Ծառուկյան
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում այսօր տեղի է ունենում «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավը: Ծաղկահովիտի բնակիչները նրան դիմավորեցին աղուհացով, ծափողջույններով:
Իր ելույթում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքն ամեն օր շփվում է մարդկանց հետ, տեղյակ է խնդիրներից: Այսօր ևս Դաշինքի առաջնորդն անդրադարձավ վարկերին:
«Հայաստանի բնակչության 99 տոկոսն այսօր վարկերի տակ է: Մի վարկը չփակած մյուսն են վերցնում, տունը, հողը, մեքենան դնում են վարկի տակ: Այսպես չի կարող շարունակվել, մարդկանց պետք է հնարավորություն տրվի, այլ ոչ թե քամեն: Եթե Խորհրդային միության ժամանակ մարդիկ կուտակած ոսկեղեն, տներ ունեին, հիմա ոչ մի բան չունեն»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Անդրադառնալով գործազրկությանը՝ Դաշինքի առաջնորդն ասաց, որ այդ հարցը մշտապես բարձրացնում են, հատկապես կանանց շրջանում այն լուրջ խնդիր է:
«Ինձ դիմում են մարդիկ, ասում են՝ 40 տարեկան կանանց աշխատանքի չեն ընդունում՝ պատճառաբանելով , թե մեծ են: Ասում եմ՝ ոչ թե չեն ընդունում, այլ գործի տեղ չկա, որ գործի տեղ լինի, 60-70 տարեկանն էլ կաշխատի: Մարդն ինչքան աշխատում է, իրեն երիտասարդ է զգում»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Դաշինքի առաջնորդի խոսքերով՝ չլուծվող խնդիր չկա, բոլոր խնդիրներն էլ լուծվելու են. «Ավելի վատ պայմաններ են եղել, միայն պետք է սրտացավ լինեն, մտածեն իրենց ժողովրդի մասին: Ոնց որ քո անձնական գումարն ես ծախսում, այնպես էլ բյուջեի գումարը պետք է նպատակային ծախսել»:
Գագիկ Ծառուկյանի խոսքերով՝ ինչպես և մյուս մարզերում, այս համայնքում ևս պետք է վերականգնել այն արտադրությունները, որոնք եղել են նախկինում:
«Բոլոր ոլորտներն էլ հասկանում եմ` ամպից չեմ իջել, շփվում եմ, գիտեմ, աշխատողի ընտանիքից եմ: Ձեր պահանջը ի՞նչ է՝ աշխատանք, ուրիշ ոչ մի բան»,- նշեց Գագիկ Ծառուկյանը՝ շեշտելով, որ Դաշինքի կողմից առաջարկվող 15 կետերի իրագործման դեպքում երկրում բարեփոխումներն ակնհայտ կլինեն:
Դիմելով քաղաքացիներին, նա նաև նշեց, որ շատ բան նաև իրենցից է կախված: «Ես չեմ եկել ասելու, որ ձայնը տվեք սա եմ անելու, ասում եմ՝ մենք պատրաստ ենք, բայց դուք ոչ մեկին խաթր մի արեք՝ ո՛չ բարեկամի, ո՛չ մարզպետի, ո՛չ գյուղապետի: Հենց հիմնական մեղավորները գյուղապետերն են, ձեր տուն քանդողները գյուղապետերն են, իրանց պաշտոնի մնալու համար, իրանց կեղծիքները թաքցնելու համար, որ վաղը պատասխանատվության չենթարկվեն, ձեզ խնդրել, համոզելով թողում են, որ իրենք մնան, շարունակեն: Այնպես որ, մեղավորը դուք եք: Գյուղ կանգնի` գերան կկոտրի», - ասաց Գագիկ Ծառուկյանը:
Գյուղացիներից մեկն արձագանքեց, թե մարդիկ վախենում են, Ծառուկյանն էլ պատասխանեց. «Դե վախենում ես, վախեցած էլ մնա: Ամբողջ պետությունը մեր դեմ էր դուրս եկել 2015 թվականին, ես ժողովրդին արյունահեղության չտանելու համար՝ ասեցի, որ իմ քաղաքական էջը փակում եմ, հեղափոխություն չեմ ուզում, քանի որ առանց արյուն հեղափոխություն չի լինում: Բայց ես հայ եմ, սիրում եմ Ձեզ, պարտք ունեմ իմ ժողովրդի առաջ: Հիմա որոշողը դուք եք, հետո ընտրությունը չվերջանա ու ասեք՝ վա՜յ, իշխանափոխություն չի լինում: Կրկնում եմ՝ ես չեմ ասում հենց ինձ ընտրեք, բայց ընտրեք ուզելով, ում կհավատաք՝ նրան էլ կընտրեք: Ամեն ինչ ձեզանից է կախված»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան