ԵԽ-ն հրապարակել է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ որոշումները
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում մարտի 7-ից 10-ը տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության հետ կապված քննարկումներ։ Օրակարգում էր նաև «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարման վերաբերյալ քննարկումը։
ԵԽ մամուլի ծառայությունը հրապարակել է քննարկման արդյունքում նախարարների կոմիտեում ընդունված որոշումները։
«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով որոշման մեջ պատվիրակությունները՝
1․ Ի գիտություն են ընդունում հանդիպմանը Հայաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությունը։
2․ Իշխանություններին հրավիրում են գործողությունների ծրագրի շրջանակներում ներկայացնել այս որոշման իրականացման ուղիների ու միջոցների վերաբերյալ իրենց մտորումների առաջընթացը։
3․ Նշում են Հայաստանի իշխանությունների ու ԵԽ քարտուղարության միջև շփումները 2016թ․-ին ու հրավիրում են նրանց շարունակել համագործակցությունը։
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշման մեջ պատվիրակությունները՝
1․ Հետաքրքրությամբ ի գիտություն են ընդունում Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած գործողությունների ծրագիրը։
2․ Իշխանություններին հրավիրում են ներկայացնել առավել մանրամասն տեղեկատվություն աշխատանքային խմբի հետ կապված, որը, ըստ իշխանությունների, կլինի դատարանի առաջարկությանը պատասխան՝ ստեղծել մեխանիզմ՝ գույքային պահանջները լուծելու համար և, մասնավորապես, նրա գործառնության, մանդատի և դիմումատուի կարգավիճակում գտնվող անձանց համար դրա մատչելիության վերաբերյալ։
3․ Այս համատեսքտում, իշխանություններին հրավիրում են լիակատար համագործակցության ԵԽ քարտուղարության հետ։
4․ Որոշվել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործը ներառել նաև ՄԻԵԴ վճիռների քննարկման հաջորդ նիստում, որը կայանալու է 2017թ․-ի հունիսին։
Հիշեցնենք, որ «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» ՄԻԵԴ վճիռները վերաբերում են, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի (Լաչին) շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալու և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդարացի փոխհատուցում ստանալուն: Վերոնշյալ գործերով ՄԻԵԴ վճիռները հրապարակվել են 2015թ․-ի հունիսին։
Նշենք, որ ՄԻԵԴ որոշումների իրականացման վերահսկողությունը կատարում է ԵԽ Նախարարների կոմիտեն և այս ձևաչափով քննարկումներն իրականացվում են տարին 4 անգամ։
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Կոստանյան. ԵԽ-ում ներկայացրեցինք, թե որ դեպքում կստանձնենք ՄԻԵԴ վճռի կատարման պարտավորությունը
- Էմիլ Բաբայան. «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ