Մենք վստահ ենք՝ ինչ հայտարարում ենք, անելու ենք. Կարեն Կարապետյան
«Ուզում եմ վստահ լինեք, որ մենք պոպուլիստական հայտարարություններ չենք անում, ասել ենք այն, ինչի տակից կարող ենք դուրս գալ: Մենք վստահ ենք՝ ինչ հայտարարում ենք, անելու ենք, այդ վճռականությունը ունենք»,- այս մասին այսօր Կապանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ իրենք ունեն շատ մեծ կառավարման փորձ՝ դրական, ինչպես նաև բացասական, որի վրա սովորել են, հասկացել են, և ամեն ինչ անելու են, որպեսզի հերթական անգամ այդ «թալակը» չընկեն:
«Մենք հայտարարել ենք, որ անհրաժեշտություն, հրամայական կա փոխվելու և փոխելու: Կարծում եմ, որ դուք որոշակի առումով տեսել եք քայլեր, մեր թիմը համալրվել է նոր, բանիմաց, երիտասարդ, հայրենասեր թիմակիցներով, որոնք իրականում ուժ և եռանդ ունեն լավ բաներ անելու մեր երկրի համար»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նաև ընդգծեց, որ ՀՀԿ-ն շատ հստակ ձևակերպել է իր վերաբերմունքն Արցախի հիմնախնդրի լուծման առնչությամբ. «Կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գոնե այդ հարցում՝ Արցախի արժանապատվության և ինքնասիրության հարցում, վստահ է, որ մենք երբեք թույլ չենք տա, որ մեր արժանապատվությունը, մեր ամբողջ ազգի ապագան, որը որոշվում է այսօր ֆրոնտում, լինի թերի: Մենք այս հարցում շատ վճռական ենք և հետևողական»:
Անդրադառնալով պետական կառավարման համակարգին՝ Կարեն Կարապետյանը նշեց, որ հիմնական խնդիրը արդունավետությունն է:
«Մենք արդյունավետությունը պետք է բարձրացնենք ամեն ինչում՝ պետական կառավարման համակարգում, գյուղատնտեսությունում, առողջապահության ֆինանսական միջոցների կառավարման ոլորտներում և այլն»,- հայտնեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:
Այնուհետև վարչապետը մանրամասներ ներկայացրեց տնտեսության զարգացման տեսլականի վերաբերյալ՝ նշելով, որ ունեն տնտեսական զարգացումների ծրագիր, որտեղ հստակ ախտորոշել են բոլոր ոլորտների պրոբլեմները, հիվանդությունները, թերի կետերը: «Տվել ենք տեսլական, թե ինչպես ենք շարժվելու առաջ»,- ասաց վարչապետը:
Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ այսօր ունեն հաստատված 3,2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, որից 2017 թ. համար իրատեսական են համարում 830-840 միլիոնը: «Ժողովրդական լեզվով ասած մենք «ռազգոն» ենք վերցրել և, եթե դուք չկանգնեցնեք այդ ռազգոնը, այդպես էլ գնալու ենք»,- նշեց վարչապետը:
Եզրափակելով խոսքը Կարեն Կարապետյանն ասաց. «Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ եղեք լավատես և հանդուրժող մեկը մյուսի նկատմամբ և, իհարկե եղեք անհանդուրժող բոլոր այն խնդիրներին, այն անարդարություններին, որոնք, ցավոք սրտի, մեր կյանքում կան: Մենք բոլորս ունենք որոշակի հիասթափություններ, նեղվածություն, պետք է դրանից վեր կանգնենք, քանի որ դրանցով առաջ գնալը բավականին դժվար է: Խնրչում եմ Ձեզ, ապրիլի 2-ին մասնակցեք ընտրություններին և ընտրեք այն ուժին, որի ծրագիրը իրատեսական եք համարում: Եւ եթե ապրիլի 2-ին որոշեք ձեր ձայնը տալ մեր թիմին, ապա ինչ ներկայացված է մեր ծրագրում՝ տեր ենք, որ դա կիրագործենք»:
Վերջում վարչապետը կապանցիներին մեկ ուրախալի լուր էլ հայտնեց. «Սյունիքի մարզպետն այս պահին բանակցություններ է վարում Կապանի օդանավակայանի վերականգնման ուղղությամբ: Այդ իսկ պատճառով իրեն ցանկանում ենք հաջողություններ»:
Հարակից հրապարակումներ`
- Չորս երկրի վարչապետերի առաջարկվել է կապիտալը ներգրավվել Մեղրիում բացվելիք ազատ տնտեսական գոտում. վարչապետ
- Հինգ տարի հետո՝ նայելով ձեր աչքերին, ասելու ենք՝ կատարել ենք խոստումները. Վիգեն Սարգսյան