Օհանյանը կոչ արեց ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներին չներքաշել քարոզարշավների մեջ
Անպայման լինելու ենք բոլոր վարչական շրջաններում, ներկայացնելու ենք խնդիրները ու լուծումներ ենք առաջարկելու: Ավան վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համապետական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Մենք մեր ջանքերը համատեղեցինք, որպեսզի մեր քաղաքացիներին այլընտրանք առաջարկենք: Այլընտրանք, որտեղ համատեղված են գիտելիքը, փորձը կառավարման համակարգում, կարողությունները և ամենակարևորը կամքն ու տեսլականը, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ»,-ասաց նա:
Նա իր խոսքում կարևորեց միասնական ու բռունցք դառնալը, Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում առկա ներուժի օգտագործումը «ոչ շահադիտական նպատակով»:
«Սփյուռքը պետք է մեծ մասնակցություն ունենա երկրի կառավարման գործում, այն չպետք է լինի բացառապես ֆինանսական աղբյուր այն էլ յուրացումների համար, ինչպես հիմա է»,-ասաց Մարտիրոսյանը, ավելացնելով, որ իրենք խնդիր են դրել արտագաղթը կասեցնելուց զատ ներգաղթին նպաստել:
Դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն մինչ իր նախընտրական ելույթին անցնելը, քաղաքական բոլոր ուժերին ու գործիչներին կոչ արեց ապրիլյան պատերազմի հերոսների ծնողներին չներքաշել իրենց քարոզարշավների մեջ:
«Վեր կանգնեք դրանից, որևէ ձայն կամ մանդատ չարժե նման արարք թույլ տալու համար: Մենք պետք է շնորհակալություն հայտնենք նրանց, ոչ թե իրենք այս կամ այն կուսակցությանը կամ այս կամ այն թեկնածուին: Ես ուղղակի պահանջում եմ բոլոր կուսակցություններից ու թեկնածուներից, առավել ևս իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, նման բան այլևս թույլ չտալ: Ես սա ասում եմ որպես մարդ, ով իր ողջ գիտակցական կյանքը նվիրել է մեր հայրենիքի պաշտպանությանը, որպես մարդ, ով առաջին գծում իր մարտական ընկերների հետ պատրաստ է եղել զոհելու իր կյանքը»,-ասաց Օհանյանը:
Նա նաև կոչ արեց քարոզչությունն իրականացնել քաղաքակիրթ ձևով՝ փոխադարձ հարգանքի հիման վրա, ժողովրդի մի մասին մյուսի դեմ չհանել:
Հիշեցնենք, որ թիվ մեկ ընտրատարածքում ՀՀԿ կողմից առաջադրված Միհրան Պողոսյանի քարոզարշավին նրան շնորհակալություն էր հայտնել ապրիլյան պատերազմում զոհված Բագրատ Ալեքսանյանի մայրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան