Աշխարհի փոխչեմպիոնուհին Իրանում կայացած մրցաշարը համարում է ամենապրոբլեմատիկը
Հարազատ Լվով վերադառնալուց հետո Իրանում կայացած շախմատի կանանց 2017 թ. աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Աննա Մուզիչուկը պատմել է, թե ինչպիսի դժվարությունների հետ է բախվել Թեհրանում:
«Հյուրանոցում, որտեղ ապրում էինք, անընդհատ շինարարական աշխատանքներ էին կատարվում, և այդ աղմուկը շախմատիստներին խանգարում էր կենտրոնանալ: Խաղերի անցկացման սրահում սաստիկ շոգ էր: Օդն ու ուտելիքը ևս եվրոպացիների համար խնդիր էին, իսկ հյուրանոցից դուրս սնվելն արգելված էր: Կենցաղային պրոբլեմները շատ էին, որոնք մինչև վերջ էլ չլուծվեցին: Աշխարհի առաջնությունում նման բաներն անթույլատրելի են:
Իրանում միայնակ լինելը հեշտ չէ: Բոլոր հարցերը ստիպված էի լինում լուծել միայնակ: Չեմպիոնի կոչումը նվաճելուն խանգարեց նաև այն, որ մեկնել էի առանց մարզչի: Իրավունք չունեի անգամ թայ-բրեյքի 5 րոպեանոց ընդմիջումների ժամանակ ինչ-որ մեկին զանգել այն դեպքում, երբ չինացի մրցակցուհիս աջակիցների մի ամբողջ խումբ ուներ: Այդ իսկ պատճառով էլ եզրափակչում նա ավելի հանգիստ էր, քան ես»,- պատմել է Մուզիչուկը: