Պաշտպանության նախարար. Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող
Հայաստանը շատ ինտենսիվ երկխոսություն է ծավալում հարևան Իրանի հետ, այսօր «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի երևանյան արտագնա նիստում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Իրանը Հայաստանի անկախության առաջին օրերից դրսևորել է մեծ իմաստնություն ու քաղաքակրթություն՝ հաստատելով հավասարակշռված հարաբերություններ Հայաստանի ու տարածաշրջանի երկրների հետ, ինչպես նաև կարողացել է ցուցաբերել հավասարկշռված դիրքորոշում արցախյան հիմնախնդրի հարցում՝ մշտապես առաջարկելով իր միջնորդական առաքելությունը և առաջնորդվելով միջնորդների առաքելությանը չվնասելու սկզբունքով», -ասաց Վ. Սարգսյանը:
Նախարարի խոսքով, Իրանի նման դիրքորոշումը կտրուկ կերպով հակասում է Հայաստանի մեկ այլ հարևանի՝ Թուրքիայի դիրքորոշմանը:
«Թուրքիան ոչ միայն շրջափակման է ենթարկել Հայաստանը՝ փակելով երկաթգծային ճանապարհներն ու պետական սահմանը, որը մեր կարծիքով, 21-րդ դարում անախրոնիզմ է, այլև ղարաբաղյան հիմնախնդրի հարցում պրոադրբեջանական դիրքորոշում է որդեգրել», -հավելեց Վ. Սարգսյանը:
Նախարարը կարծիք հայտնեց, որ շրջափակման ենթարկելով Հայաստանը և փակելով Հայաստանի հետ սահմանը, Թուրքիան ինքն է «մեկուսացվել Հարավային Կովկասի տարածաշրջանից»:
«Չնայած Վրաստանի հետ մտերիմ, իսկ Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններին, Թուրքիային այսօր դժվար է համարել տարածաշրջանային խաղացող», -ասաց Վ. Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ-ում դեռ կան ոչ այնքան արդյունավետ կետեր
- Վարչապետի խորհրդական. Հարկավոր է համբերատար լինել
- Վիգեն Սարգսյան. Շփման գծում հայկական զինված ուժերը ստիպված են պատասխան տալ՝ տաք գլուխները սառեցնելու համար
- Պետք է ուսումնասիրել տարածաշրջանում խոշոր խաղացողների նպատակները.«Վալդայ» ակումբի անդամ
- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստը տեղի կունենա Երևանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին