ԿԸՀ նախագահը չի թողնում, որ ժողովրդի հետ հանդիպեմ, խոստումները կատարեմ. Գագիկ Ծառուկյան
Քարոզարշավի շրջանակներում այսօր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչների հետ։ Նրան այստեղ դիմավորեցին զուռնա-դհոլով, աղ ու հացով։
«Խերով ըլնի ոտդ, Ծառուկյան ջան»,- դիմավորելով Դաշինքի առաջնորդին՝ ասացին վարդենիսցիները:
Գագիկ Ծառուկյանն իր ելույթում անդրադարձավ իրենց Դաշինքի ներակայացրած ծրագրին, նաև խոսեց 2012թ-ի խորհրդարանական ընտրություններից և ներկայացրեց ԲՀԿ-ի կոալիցիա չկազմելու պատճառները:
«Մենք ավելի շատ ձայն էինք հավաքել և ի՞նչն էր պատճառը, որ կոալիցիա չմտանք, մեզ ավելի շատ նախարարներ, պաշտոններ էին տալիս: Չեմ մտել, քանի որ այն քարոզարշավի ժամանակ տված խոստումները ես չէի կարող կատարել, միայն պետք է իմ թիմակիցներին տեղավորեին: Խնդիր չէինք լուծելու, օրենք չէինք փոխելու: Բոլորը կասկածում էին՝ չէ, Ծառուկյանը կմտնի կոալիցիա: Ծառուկյանը ժողովրդի վստահությունը չի կորցնելու, Ծառուկյանն այդ վստահությունը կրկնապատկելու, եռապատկելու է և անհնարինն իր ժողովրդի համար անելու է: Գործն է մնայուն, սիրելի ժողովուրդ»,- ասաց Դաշինքի առաջնորդը:
Գագիկ Ծառուկյանը վարդենիսցիներին նույնպես հորդորեց խղճի կամոք ընտրություն կատարել: Ըստ նրա՝ որոշողը, կատարողը ժողովուրդն է:
«Ցանկացած արտասահմանցի Հայաստանում տեսնում է մեր ժողովրդի ջերմությունը, հյուրասիրությունը: Ես հպարտանում եմ, իրոք լավ ժողովուրդ ենք, հյուրասեր, կամեցող ժողովուրդ ենք, բարի ենք, բայց այսօր բարությունը մի քիչ չարության է վերածվել՝ ժողովրդի չունենալու, վարկերի, երեխաների հոգսերը չլուծելու պատճառով: Մենք պետք է աշխատենք, որ այդ ժպիտը, վստահությունը, հավատը պարգևենք մեր ժողովրդին»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Վարդենիսցիների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը նաև ասաց՝ ԿԸՀ նախագահ պարոն Մուկուչյանը չի թողնում, որ ինքը ժողովրդի հետ հանդիպի, խոստումները կատարի: «Ինձ չի թողնում ժողովրդի հետ հանդիպեմ կամ որևիցե մի բան ասեմ, որ ապրիլի 2-ից հետո կկատարենք: Ասում է՝ դա ընտրակաշառք է: Ես ընտրակաշառք չեմ բաժանում, սիրելի ժողովուրդ ջան, ես իմ ժողովրդին սիրում եմ, չի կարող մեկն ասել, որ Ծառուկյանին դիմել է և անպատասխան է մնացել»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան