Դամասկոսում պայթյուններից զոհերի թիվը հասել է 45ի
Դամասկոսի հին շրջանում այսօր կատարված երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, 120 մարդ էլ վիրավոր է,- հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ նշելով, որ պայթյունն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։
Ահաբեկչության զոհերը Իրաքից ժամանած շիա ուխտավորներ են: Հարձակումներն իրականացվել են շիաների կողմից երկրպագվող Բաբ-էս-Սահիր գերեզմանատան մոտ, որտեղ թաղված են պատմական Քերբելայի ճակատամարտի մասնակիցները։
Սիրիայի իշխանությունները զոհերի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չեն հրապարակել:
«Ալ-մայդան» հեռուստաընկերության տեղեկություններով՝ մահապարտ ահաբեկիչները մտել են ուխտավորների շարքերն ու գործի են դրել պայթուցիկներով գոտիները: Պայթյունի պահին գերեզմանատուն էին մոտեցել ուխտավորների տեղափոխող ավտոբուսներ Իրաքից եկած տասնյակ ուխտավորներով: Ուխտավորների շարքում եղել են նաև իրանցիներ:
Զոհվել են նաև գերեզմանատան հսկիչ անցակետի մոտ գտնված սիրիացի զինծառայողները:
Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ Իրաքի ԱԳՆ-ն հաստատել է Իրաքից ուխտավորների զոհվելու մասին տեղեկությունը: