Շիրխանյանին անհրաժեշտ է ստացիոնար բուժում. Ալումյան
«Շիրխանյանի վիճակը գնալով վատանում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Վահան Շիրխանյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Հայկ Ալումյանը։
Փաստաբանի խոսքով՝ Շիրխանյանին 14 տեսակի դեղամիջոց են տվել, բայց պարզվել է, որ դրանցից 6-ն անհամատեղելի են։
«Շիրխանյանը քաղաքացիական բժշկական հաստատությունում հետազոտվելուց հետո կրկին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել մարտի 3-ին, նրան շարունակում են պահել նույն խոնավ խցում։ Շիրխանյանին անհրաժեշտ է ստացիոնար բուժում։ Նա տեղաշարժվելու հետ կապված խնդիր ունի»,-ասաց Ալումյանը։
Անդրադառնալով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդներին՝ Շիրխանյանին տեսակցելու ՔԿՀ անձնակազմի կողմից արգելքին ասաց. «Արգելքը վերաբերում էր հարազատներին, լրատվամիջոցներին, բայց ոչ դիտորդական խմբին»։
Ալումյանը շեշտեց, որ իրենց միակ հույսը շարունակում է մնալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը. «Փառք Աստծո, որ մենք ունենք եվրոպական դատարան դիմելու հնարավորություն»։
Նա տեղեկացրեց, որ հաջորդ դատական նիստը մարտի 17-ին է, սակայն ոչ մի դրական ակնկալիք չունեն այդ նիստից, անգամ չգիտեն Վահան Շիրխանյանը կարող է դրան ներկայանալ թե ոչ, քանի որ տեղաշարժվելու հետ կապված խնդիրները նրա համար այս պահին շատ բարդ են։
Հարակից հրապարակումներ`
- Շիրխանյանի պահման պայմանների կապակցությամբ ՄԻՊ-ը գրությամբ դիմել է արդարադատության նախարարությանը
- Շիրխանյանը գտնվում է կալանավորված անձանց համար նախատեսված բավարար պայմաններով 18 քմ խցում. ՔԿՎ
- Վահան Շիրխանյանին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ
- Մեր միակ հույսն այս պահին մնում է Եվրոպական դատարանը. Ալումյան