Վիգեն Սարգսյան. ՀԱՊԿ-ում դեռ կան ոչ այնքան արդյունավետ կետեր
Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում ինտեգրացիոն այդ միավորմանը: «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի` Երևանում անցկացվող արտագնա նիստում ելույթ ունենալով՝ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Տարածաշրջանային առումով մեր արտաքին քաղաքականության հիմնարար բաղադրիչն է ռազմավարական միությունը Ռուսաստանի Դաշնության հետ, որն ամրագրված է երկկողմ և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթերով։ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամներից մեկն է և միշտ շատ լուրջ է մոտենում ինտեգրացիոն այդ միավորմանը։ Մենք իսկապես հավատում ենք, որ այս կազմակերպությունը կարող է արժանի տեղ գրավել միջազգային հարաբերությունների համակարգում»,- ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ում կան «դեռ ոչ այնքան արդյունավետ» կետեր.
«Դա ՀԱՊԿ անդամ երկրների՝ արտաքին քաղաքականությունում առաջնահերթությունների համադրումն է։ Մենք տեսնում ենք, որ երրորդ կազմակերպություններում, այլ հարթակներում, այնուամենայնիվ, դեռ կա գայթակղությունը որոշ անդամների կողմից մի քիչ անտեսել ՀԱՊԿ գործընկերների շահերը: Բայց ես կարծում եմ, որ դա կազմակերպության ներսում մանկական ձախլիկության պես հիվանդություն է, որը ժամանակի հետ պիտի անցնի»,- ասաց ՀՀ Պաշտպանության նախարարը։
Նա նշեց, որ սրա հետ մեկտեղ Հայաստանը բավականին ակտիվ գործակցում է ՆԱՏՕ-ի հետ, ինչն իրականացվում է շատ թափանցիկ կերպով Հայաստանի գործընկեր երկրների համար։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետի խորհրդական. Հարկավոր է համբերատար լինել
- Վիգեն Սարգսյան. Շփման գծում հայկական զինված ուժերը ստիպված են պատասխան տալ՝ տաք գլուխները սառեցնելու համար
- Պետք է ուսումնասիրել տարածաշրջանում խոշոր խաղացողների նպատակները.«Վալդայ» ակումբի անդամ
- «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստը տեղի կունենա Երևանում