Վերջին թիվը Մուկուչյանը չէ՞ պետք է հայտարարի, կողքը մարդ լինելո՞ւ է. քաղաքացու հարցը՝ Փաշինյանին
«Ելք» դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավ են իրականացնում Երևանի Արաբկիր համայնքում՝ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Հայաստանը համակած հուսահատության ճահճից ելք կա, ապրիլի 2-ին կարող եք օգտվել ելքի այդ հնարավորությունից՝ գնալով ընտրատեղամասեր և «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով»,- դիմելով բնակիչներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս պետք է իրենց քվեները պահպանեն:
«Վերջին թիվը Մուկուչյանը (ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան) չէ՞ պետք է հայտարարի, կողքը մարդ լինելո՞ւ է»,- հետաքրքրվեց քաղաքացին:
Ն. Փաշինյանն ասաց. «Այնտեղ էլ մարդ ունենք: Մուկուչյանը կարդում է այն թիվը, որն իրեն հասցնում են տեղամասերից: Եթե մենք տեղամասերը պահենք ամեն տեղամասում երկու վստահված անձով, չի կարող ուրիշ թիվ կարդալ: Եթե ուրիշ թիվ կարդա, ու մենք ապացույց ունենանք, որ ուրիշ թիվ է եղել, ուրիշ է կարդացել, բոլորս հյուր կգնանք հրապարակ, Մուկուչյանին, և ոչ միայն Մուկուչյանին»:
Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ միակ ելքը միանալն է, որպեսզի այս կառավարությանը հեռացնեն:
Ն. Փաշինյանը ասաց, որ բացառված է, որ «Ելքը» կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, որևէ պարագայում չեն կազմի.«Եթե գնանք խորհրդարան, տեսնենք շանս կա այլ ուժերի հետ առանց ՀՀԿ-ի կոալիցիա կազմել, ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնել, իշխանափոխություն իրականացնենք, մենք կգնանք այդ ճանապարհով»: