2016-ին Սիրիայում սպանվել է ավելի քան 650 երեխա. ՅՈւՆԻՍԵՖ
ՄԱԿ-ի զեկույցում ներկայացվել է, որ 2016 թվականին սիրիական հակամարտության ընթացքում զոհվել են ռեկորդային թվով երեխաներ։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի տվյալներով անցած տարի Սիրիայում սպանվել է ավելի քան 650 երեխա,- գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Եվս մի քանի հարյուրը մահացել են հիվանդություններից, որոնք կարելի էր բուժել անհրաժեշտ դեղորայքի և բուժօգնության առկայության դեպքում՝ ասվում է զեկույցում։
Զեկույցը հրապարակվել է Սիրիայում զինված հակամարտության մեկնարկի 6-ամյակի նախօրեին։
Մեկ շաբաթ առաջ միջազգային բարեգործական Save The Children կազմակերպությունը հայտարարել էր այն մասին, որ Սիրիայում երեխաներն ապրում են «թունավոր սթրես», որը կարող է մեծ տարիքում հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, այդ թվում հոգեկան։
Վկայակոչված սպանությունները, հաշմանդամանդամության դեպքերը, պատերազմական գործողություններում երեխաների ներգրավվածությունը անցյալ տարի կտրուկ մեծացել է՝ երկրում բռնությունների շեշտակի աճի պատճառով:
• Առնվազն 652 երեխա է սպանվել, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմամատ՝ դրանով իսկ 2016թ.-ը դարձնելով վատթարագույն տարին սիրիացի երեխաների համար այն պահից ի վեր, երբ 2014 սկսվեց զոհված երեխաների պաշտոնական գրանցումը:
• 255 երեխա սպանվել է դպրոցում կամ դպրոցի մերձակայքում:
• Ավելի քան 850 երեխա է ներգրավվել հակամարտության մեջ որպես զինվոր, ինչը երկու անգամ ավելի է 2015թ.-ի ցուցանիշի համեմատ: Երեխաները օգտագործվում ու ներառվում են առաջնագծում մարտնչելու համար և է՛լ ավելի շատ են ստանձնում մարտական տարատեսակ դերեր. երբեմն նույնիսկ որպես մահվան դատավճիռ իրականացնողներ, մահապարտներ կամ բանտապահներ:
• Առնվազն 338 գրոհ է եղել հիվանդանոցների և բուժ անձնակազմի վրա:
«Տառապանքների խորությունն աննախադեպ է: Սիրիայում ամեն օր միլիոնավոր երեխաներ գրոհի են ենթարկվում՝ նրանց կյանքը տակնուվրա անելով», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային ղեկավար Գիրթ Քափելիրը (Geert Cappelaere) ՝ խոսելով Սիրիայի Հոմս քաղաքում: «Յուրաքանչյուր երեխայի վրա հետքեր են մնում՝ սարսափազդու հետևանքներ ունենալով նրանց կյանքի, բարօրության և ապագայի համար»:
Սիրիայի մի շարք գոտիների դժվարամատչելիությունը շարունակում է խոչընդոտել ամբողջությամբ գնահատել երեխաների տառապանքի ողջ մասշտաբը և անհապաղ հումանիտար օգնություն հասցնել ամենախոցելի վիճակում գտնվող տղաներին և աղջիկներին: Ռումբերից, պարկուճներից և պայթյուններից զատ, երեխաները մահանում են լռության մեջ հաճախ այնպիսի հիվանդություններից, որոնք հակառակ պարագայում հեշտությամբ կարելի է կանխարգելել:
Բուժօգնության տրամադրումը, կյանքը փրկող պարագաների և այլ տարրական ծառայությունները շարունակում են անհասանելի լինել:
Սիրիայի դժվարամատչելի գոտիներում ամենախոցելի վիճակում են գտնվում 2.8 միլիոն երեխա, այդ թվում՝ 280.000 երեխա ապրում է շրջափակման մեջ՝ գրեթե ամբողջովին հումանիտար օգնությունից զրկված լինելով:
Պատերազմի վեց տարիներից հետո գրեթե 6 միլիոն երեխա մարդասիրական օգնության անհրաժեշտություն ունի, ինչը տասներկու անգամ ավելի է 2012թ.ի ցուցանիշից: Միլիոնավոր երեխաներ տարհանվել են, նրանց մեջ ոմանք գրեթե յոթ անգամ: Մոտ միլիոն երեխա փախստականի կարգավիճակով ապրում է Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում և Իրաքում:
Սիրիայում և սահմանների երկայնքով հաղթահարման մեխանիզմները ոչնչանում են, և ընտանիքները ծայրահեղ միջոցների են դիմում միմիայն գոյատևելու համար՝ հաճախ երեխաներին վաղաժամ ամուսնության և աշխատանքի մղելով: Տնային տնտեսությունների ավելի քան երկու երրորդում երեխաներն աշխատում են իրենց ընտանիքներին օգնելու համար, ոմանք ծայրահեղ դաժան պայմաններում, որ հարիր չեն նույնիսկ մեծահասակներին:
Այնուամենայնիվ, չնայած սարսափներին և տառապանքին, երեխաները հույսեր ունեն և նպատակադրված են հասնել իրենց երազանքներին և նպատակներին: Տասներկուամյա Դարսին, որ հիմա փախստականի կարգավիճակով ապրում է Թուրքիայում, ասում է, որ ուզում է վիրաբույժ դառնալ որպեսզի Սիրայում օգնի հիվանդներին և վիրավորներին: «Ես երազում եմ ոչ պատերազմական Սիրիայի մասին, որպեսզի մենք կարողանանք տուն վերադառնալ: Ես երազում են այնպիսի աշխարհի մասին, ուր պատերազմներ չկան»:
«Մենք շարունակում ենք Սիրիայի երեխաների տառապանքի լուռ վկան լինել: Նրանցից շատերը անցել են ճակատամերձ գոտիներ դպրոցական քննություններ հանձնելու համար: Նրանք շարունակում են պնդել, որ ցանկանում են շարունակել ուսումը նույնիսկ ստորգետյա դպրոցներում: Դեռ այնքա՜ն ավելին կարող ենք և պիտի՛ անենք, սիրիացի երեխաների ճակատագրի ընթացքը փոխելու համար»,- նշել է Քափելիրը:
Սիրիայի երեխաների անունից ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում հակամարտության մեջ ներգրավված կողմերին, կողմերի վրա ազդեցություն ունեցողներին, միջազգային հանրությանն ու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն երեխաների հանդեպ՝
• Անհապաղ քաղաքական որոշում կայացնել վերջ դնելու Սիրիայի հակամարտությանը:
• Դադարեցնել բոլոր տիպի ծանր բռնությունները երեխաների նկատմամբ այդ թվում՝ սպանությունները, անդամախեղությունները և զորակոչումը, ինչպես նաև՝ դպրոցների և հիվանդանոցների գրոհումը:
• Վերացնել շրջափակումներն ու առանց նախապայմանների և շարունակական հնարավորություն ընձեռել հասնելու կարիքի մեջ գտնվող բոլոր երեխաներին Սիրիայի ողջ տարածքում:
• Վերացնել շրջափակումներն ու առանց նախապայմանների և շարունակական հնարավորություն ընձեռել հասնելու կարիքի մեջ գտնվող բոլոր երեխաներին Սիրիայի ողջ տարածքում:
• Փախստականներին հյուրընկալող երկրների կառավարություններին և համայանքներին կայուն օժանդակություն ցուցաբերել խոցելի երեխաների համար անկախ նրանց կարգավիճակից:
• Շարունակական ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Սիրիայի երեխաներին կյանքը փրկող օգնություն ցուցաբերելու համար: