Զորակոչը միշտ իր մեջ պարունակել է կոռուպցիոն ռիսկեր. Ս.Օհանյան
«Բանակի ուսուցման, դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունները թույլ են տալիս ասելու, որ կարողացել ենք մեր զինվորների մեջ ձևավորել հայրենյանց պաշտպանի հատկանիշներ, ձևավորել նրանց մոտ մարտական ոգի, որն արտահայտվել է 2014-ին, 2015-ին, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ»,- Վետերանների միավորման վետերանների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը՝ ներկայացնելով, որ պաշտպանության նախարար լինելու տարիներին ինչ քայլեր է ձեռնարկել բանակի հզորացման համար:
Նա նշեց, որ այսօր թեև ապրիլյան պատերազմը քննադատությունների առարկա է դարձել, բայց իր համար այն երկրի հերոսամարտն է, ինչպես, օրինակ, արցախյան ազատամարտը, Քարին տակի հերոսամարտը:
«Մեր բոլորի ջանքերով, բանակի հնարավորություններով, մեր հրամանատարների, զավակների քաջագործություններով կարողացել ենք Ադրբեջանի նպատակները կանգնեցնել, չթողնել շատ խորությամբ մխրճվել արցախյան հատված, պայմաններ ստեղծել նաև հակագործողություններ իրականացնելու համար»,- ասաց Ս. Օհանյանը:
Նրա խոսքով, իր ղեկավարման տարիներին բավական լուրջ աշխատանք է տարվել կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարում, կադրային քաղաքականության մեջ սուբյեկտիվ գործոնները վերացվել են:
«Զորակոչն իրականացվել է վերահսկողությամբ: Զորակոչը միշտ իր մեջ պարունակել է կոռուպցիոն ռիսկեր, շատ մարդիկ են այդ ոլորտում մեծ հարստություններ դիզել: Ես կանգնեցրել եմ այդ ամենը»,- հավելեց նախկին նախարարը:
Խոսելով առաջիկա ընտրությունների, իրենց դաշինքի մասին, Ս. Օհանյանն ասաց, որ իրենց թիմի նպատակն է կառավարման մեջ, պետական համակարգի ձևավորման մեծ նոր ստանդարտներ, մշակույթ ձևավորելը, պայքարն այն իրավիճակի դեմ, որն անվանում է քաղաքական, տնտեսական վարչական լծակների սերտաճում, որը բերել է անարդար մթնոլորտի:
«Պետք է կարողանանք արդարություն ամրապնդենք, կարգ ու կանոն հաստատենք»,- նշեց նա:
Ս. Օհանյանը ներկայացրեց նաև իրենց դաշինքի ծրագրի հիմնական դրույթները՝ արտոնություններ ՓՄՁ-ներին, ժողովրդագրական ոլորտում մի շարք միջոցառումներ՝ մայրական կապիտալի սկզբունքի ներդրում:
«Մեր այսօրվա ամենակարևոր խնդիրներից մեկն արտագաղթի, սահմաններից դեպի կենտրոն, մայրաքաղաք արտահոսքն է: Այս դեպքում պետք է ավելացնենք մեր ժողովրիդ քանակը: Մեր անվտանգության ամենակարևոր պայմաններից մեկը օրորոցային վրեժն է. ինչքան շատ լինեն մեր օրորոցները, մեր բնակչությանը կավելանա, ավելի հեշտ կլուծենք խնդիրները»,- նշեց նա:
Խոսելով անվտանգության համակարգի մասին՝ Ս. Օհանյանը նշեց, որ պետք է բարձրացվի զինվորական գրավչության մակարդակը, բարձրացնեն աշխատավարձերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին