Մարդիկ սկսել են հետաքրքրվել քարոզարշավով և ընտրություններով. «Ելք»-ի թեկնածու
«Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Լենա Նազարյանը գոհ է քարոզարշավի ընթացքից։ Նրա խոսքով, ամեն բան ընթանում է ըստ պլանավորածի, և մինչ այժմ խանգարող որևէ հանգամանք ի հայտ չի եկել։
«Մենք հանգիստ շփվում ենք ընտրողների հետ՝ հընթացս տեղեկացնելով ընտրություններին մեր մասնակցության մասին։ Զգում ենք, որ մի քանի օրերի ընթացքում մարդիկ սկսել են հետաքրքրվել քարոզարշավով և ընտրություններով։ Մինչդեռ քարոզարշավի առաջին օրերին պասիվ էին, հարցեր չէին տալիս։»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ առաջադրված է Դավիթաշեն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում, Նիկոլ Փաշինյանի հետ միասին մասնակցում է մայրաքաղաքի տարբեր թաղամասերում իրականացվող հանդիպումներին։
Լենա Նազարյանը նշեց, որ իրենք մտահոգված են հատկապես որոշ կուսակցությունների՝ ընտրակաշառք բաժանելու հարցով, թեև փաստացի դեպքերի ականատես չեն եղել։ Պատգամավորության թեկնածուի խոսքով, ամենևին պատահական չէ, որ իրեն և իր մերձավորներին ընտրակաշառք չեն առաջարկում։
«Որքան էլ մարդկանց ասում ենք, որ տեղեկություններ հայտնելու դեպքում կերաշխավորենք իրենց գաղտնիությունն ու անվտանգությունը, միևնույն է, ընտրակաշառքի մասին փաստեր դեռևս չեն ներկայացնում։ Մինչդեռ բոլորս գիտենք, որ ընտրակաշառք բաժանում են հարևան- բարեկամ-հարազատներին, իսկ այդ մարդիկ երբեք չեն դիմի ոստիկանություն՝ բացահայտելով կաշառք տվող անձանց»,- ընդգծեց Լենա Ղազարյանը։
«Ելք»-ի անդամը նաև հիշեցրեց, որ թեև այս պահին դաշինքի ցուցակը գլխավորող երեք անձինք՝ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը, քարոզարշավ իրականացնում են առանձին-առանձին, սակայն որոշակի պահից կմիավորվեն՝ հանդես գալով հանրահավաքներով։
Հարակից հրապարակումներ`
- Ապատիայի մթնոլորտին իր ապիկարությամբ նպաստել է նաև ընդդիմությունը. «Ելք»-ի թեկնածու
- Մեր խնդիրը հուսահատության պատնեշը ճեղքելն է. Նիկոլ Փաշինյան
- «Ելքը» Վանաձորում կազմակերպել էր «Մի վախեցիր»
- Եկել ենք ասելու, որ ելք կա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան