Թուրքիան իրեն թույլ է տալիս եվրոպական դիվանագիտական պրակտիկայում չընդունված քայլեր. Սաֆրաստյան
«Շարունակվում է Թուրքիային տնայնացնելու գործընթացը Եվրոպայի կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Եվրոպայում հակաէրդողանական ալիքի բարձրացմանը։
«Թուրքիան, մանավանդ Էրդողանի ղեկավարության շրջանում, իրեն թույլ է տալիս այնպիսի քայլեր, հայտարարություններ, որոնք ընդունված չեն եվրոպական դիվանագիտական պրակտիկայում, սա իհարկե, վրդովեցնում է եվրոպացիներին։ Ես կխուսափեի գնահատել Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների՝ իրարից հեռանալու ներկա փուլը։ Ինտեգրացիոն գործընթացները դիտարկելիս տեսնում ենք, որ կան բացասական երևույթներ, եվրոպացիների դուրը չի գալիս շատ բան և դա նրանք հայտարարում են և որոշակի քայլեր են ձեռնարկում, որը մենք բոլորս էլ տեսնում ենք»,- ասաց Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ Եվրոպայի հետ իր հարաբերությունները վատթարացումը հնարավորություն կտա Թուրքիային, որ այն օգտագործի Ռուսաստանի հետ իր հարաբերություններում. «Սա թուրքական հարյուրամյա դիվանագիտությունն է»։
Անդրադառնալով այդ հարաբերությունների՝ Հայաստանի վրա ազդեցություններին՝ նա նշեց, որ Ռուսաստանը որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, կունենա Թուրքիայի հետ մերձենալու հարցում:
«Այդ հարաբերությունները որոշակի սահմանագծի առջև կկանգնեն, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ վերջինս շատ է կոշտացրել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ երկրների շահերը տարածաշրջանում ստրատեգիական առումով ոչ միայն չեն համընկնում, այլև հակադրվում են։ Ռուսաստանը հիմա կարողանում է իր դիրքը բարձր պահել միայն զենք ունենալու հանգամանքով պայմանավորված: Եվ զենքի կիրառմամբ էլ նա Սիրիայում կարողացավ իր դիրքերը բարձրացնել: Սա նշանակում է, որ Հայաստանի նշանակությունը, որպես մի երկիր, որտեղ կայանված է ռուսական ռազմաբազան, որն ազդում է նաև Մերձավոր Արևելքի վրա, ավելի է մեծանում»,- մանրամասնեց արևելագիտության ինստիտուտի տնօրենը։
Նա հավելեց, որ Հայաստանը պետք է շարունակի իր հարաբերությունները զարգացնել Ռուսաստանի հետ, որովհետև աշխարհաքաղաքական զարգացումներն են պարտադրում դա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան