Բախումներ Բաթումիում՝ ոստիկանների և ցուցարարների միջև
Բաթումում մարտի 11-ին բախում է տեղի ունեցել ցուցարարների և Բաթումիի հատուկ ուժերի միջև: jam-news.net-ը գրում է, որ ոստիկանների և տեղի բնակիչների միջև բախումների պատճառը եղել է սխալ կայանելու համար նախատեսված տուգանքը: Ակցիան սկսվել էր այն բանից հետո, երբ ոստիկանները բերման էին ենթարկել տեղի վեց բնակչի, քանի որ նրանք դիմադրել էին իրավապահ մարմիններին: Դրանից անմիջապես հետո հարյուրավոր մարդիկ հավաքվել էին, մեծ մասը՝ վարորդները՝ բողոքելով «անարդար» տուգանքներից և ճանապարհային ոստիկանության կամայականություններից:
Ցուցարարները շարժվել են ոստիկանության շենք՝ պահանջելով ազատ արձակել բերան ենթարկվածներից, ինչպես նաև ՆԳՆ տեղական վարչության ղեկավարության հրաժարականը:
Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին հայտարարել է, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ կարձակվեն, միաժամանակ հավելել է, որ դա չի նշանակում, որ նրանք կազատվեն պատասխանատվությունից: Նա նշել է, որ գնում է Բաթումի՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
«Այն, ինչ տեղի է ունեցել Բաթումիում, անընդունելի է, նման սադրանները չեն խանգարի օրենքի կիրառմանն ու իրավապահ մարմինների աշխատանքին: Նրանք, ովքեր իրենց օրենքից բարձր են դասում, կպատժվեն»,- հայտարարել է նախարարը:
Նա չի բացառել, որ տեղական ՆԳՆ-ում կլինի ղեկավարության փոփոխություն, ինչպես նաև Բաթումիում լրացուցիչ ուժերի մոբիլիզացիա:
Բախումը տեղի է ունեցել ոստիկանության շենքի մոտ: Հատուկ ուժերը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել: Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Պաշտոնյաները հայտնել են, որ հատուկ միջոցներ օգտագործվել են այն ժամանակ, երբ ցուցարարները սկսել են քարեր նետել շենքի ուղղությամբ և փորձել ներխուժել այնտեղ: Ցուցարարներին խոստացել են, որ բերման ենթարկվածները կազատվեն, բայց նրանք կրկին շարունակել են իրենց ագրեսիվ պահել:
Բախումներից հետո մեկ տասնյակից ավելի մարդ դիմել է բժշկական օգնության: «Ռուսթավի 2»-ը հայտնել էր, որ տուժածներից վեցը ոստիկան են, մնացածը՝ քաղաքացիական անձ: Նրանցից մեկին վիրահատելու անհրաժեշտություն է եղել:
«Գրուզիա օն-լայն»-ը հաղորդում է, որ դեպքերից հետո ձերբակալվել է մինչև 40 մարդ: Երկու անչափահաս ազատ է արձակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում