Կ. Կարապետյան. Քննարկման ժամանակ հստակ ենք մոտեցել՝ այնպիսի բան հայտարարել, որի տակից կարող ենք դուրս գալ
«Մենք ներկայացրել ենք բավականին համալիր ծրագիր: Ընդհանրապես, խոշոր առումով ծրագիրը չորս հարցի պետք է պատասխանի՝ որտե՞ղ ենք մենք և ի՞նչ պրոբլեմներ, հիվանդություններ ունենք, ո՞ւր ենք ուզում հասնել, ո՞րն է մեր կետը, ի՞նչ պետք է անել դրա համար, ո՞վ և ումո՞վ ենք դա անելու»,-նախընտրական քարոզարշավի շրջանակում Ավան թաղամասի բնակչության հետ մշակույթի տանը կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա նշեց, որ իրենց թիմի համոզմամբ, իրենց կուսակցության ծրագիրը տալիս է այդ հարցերի պատասխանը. «Իրականում ծրագիրը բավականին հավակնոտ է, միաժամանակ իրատեսական: Քննարկման ժամանակ հստակ և պատասխանատու ենք մոտեցել այդ հարցին՝ այնպիսի բան հայտարարել, որի տակից կարող ենք դուրս գալ և որի պատասխանը կարող ենք տալ»:
Կ. Կարապետյանի խոսքով, ծրագիրը վերաբերում է բոլոր ոլորտներին:
«Մենք բոլոր ոլորտներում արդյունավետությունը բարձրացնելու խնդիր ունենք»,- հավելեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:
Հադիպմանը ներկա քաղաքացիներից մեկը հարց ուղղեց սոցիալական ոլորտի մասին. ձեր կանխատեսումներով մոտավորապե ե՞րբ կարելի է սպասել նվազագույն աշխատավարձի և նվազագույն սպառողական զամբյուղի համարժեքություն:
Կ. Կարապետյանը պատասխանեց. «Համարժեքությունը շատ հարաբերական գաղափար է: Ինչքան էլ լավ ապրենք, վստահ եմ, որ մենք ծրագիր ենք ներկայացնելու, որոշ ժամանակ անց ռեգուլյար զգալու ենք, որ լավ ենք ապրում, պահանջներն էլ են աճելու: Համաչափության խնդիրը մեկ տարի հետո այլ է լինելու, երկու տարի անց՝ այլ է լինելու:
Մենք 2017 թվականի պետական բյուջեում աշխատավարձերի, թոշակների բարձրացման խնդիր չէինք դրել: Մեզ քննադատեցին, որ նման խնդիր չեք դրել: Դա նրանից է, որ մենք ոչ թե նման ցանկություն չունենք, այլ որ մենք ռեալ հաշվարկել ենք մեր կարողությունները: Նման խնդիր, իհարկե, մեր առջև դրված է, քանի որ դա հանդիսանում է տնտեսական վիճակի լավ ու վատ լինելու ցուցանիշը: Ի՞նչ պետք է անենք: Պետք է տնտեսությունը զարգացնենք, պետք է հարստանանք, հավելյալ արժեք, աշխատատեղ ստեղծենք, բյուջե լցնենք: Այդ ծրագիրը կա:
Պետությունը միշանշանակ պետք է կանգնի սոցիալապես անապահովի կողքին:
Մենք բավականին մեծ բարեփոխումներ ենք սկսել սոցիալական առողջապահության ոլորտում, որը այսօրվա բյուջեի պարագայում հնարավորություն է տալու մեզ ավելի որակյալ ծառայություն մատուցել, դաշտը 20-30 տոկոսով մեծացնել»:
Քաղաքացիներից մեկը հարցրեց՝ բանկերում վարկային տոկոսները շատ բարձր են, ինչը չի նպաստում տնտեսության զարգամանը, ինչպիսի՞ն է ձեր քայլերն այս խնդրի շուրջ: Կ. Կարապետյանն ասաց. «Բանկերի տոկոսների բարձր լինելը կախված է մի քանի գործոնից: Բոլորը շատ լավ գիտեն այդ գործոնները: Կախված է ավանդների տոկոսից, տնտեսության ռիսկայնությունից, էժան և երկար ռեսուրսի առակայությունից: Ի՞նչ ենք մենք անում: Հոկտեմբերից սկսած Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսը չորս անգամ նվազեցրել է: Պետության հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է, որովհետև պետությունը, մեկ-մեկ միջամտելով բիզնեսին, շատ է խանգարում, բայց այսօր այս առևտրային պասիվության կամ ոչ ակտիվության պայմաններում մենք մի գործառույթ էլ ենք մեզ վրա վերցրել՝ խթանելու ենք բիզնեսը, որպեզի զարթնի, աշխուժանա: Այսինքն՝ զարգացնելով բիզնեսը, բիզնեսի ռիսկայանությունը նվազեցվելու ենք, հետևաբար բանկերի անհանգստությունը, որն ազդում է տոկոսների վրա, նվազելու է»:
Հարցին, թե առաջիկա 2-3 տարիների ընթացքում, ձեր ծրագրերի բարեհաջող իրականացման արդյունքում, որքա՞ն աշխատատեղ կբացվի, Կ. Կարապետյանը պատասխանեց. «Ես մի քանի անգամ ասել եմ՝ խոստում տալուց բավականին ժլատ եմ, որովհետև, երբ խոստում եմ տալիս, անպատճառ ուզում եմ այդ խոստումի տակից դուրս գալ: Իրականում վստահ եմ, որ ինչ գործողություններ, ծրագրեր ունենք, դա բերելու է տնտեսության աճի, որը կախված է ոչ միայն կառավարությունից, կառավարիչների, այլ նաև նրանից, թե բիզնես միջավայրը, բնակչությունը ոնց կարձագանքի: Ես առաջնային խնդիրը եմ համարում, որը պետք է լուծենք, մեր հասարակության, բնակչի, գործարարի հետ հետադարձն կապը, որպեսզի ինքը հավատա մեր ծրագրին, արձագանքի իր պահելաձևով: Այսինքն՝ դա խիստ կախված է նրանից, թե ինչպիսի աշխուժություն, ոգևորություն, փոփոխություն կբերի բիզնես միջավայրը, ստեղծագործ, աշխատող մարդը: Երկու-երեք տարին տնտեսության առումով բավականին փոքր ժամկետ է: Բայց ես հավատում եմ, որ երկու-երեք տարվա մեջ, եթե այդ հետադարձ կապը ապահովենք, զգալի, չափելի արդյունքներ կունենանք: Թվեր եկեք չասեմ»:
Հանդիպմանը ներկա քաղաքացիներից մեկն ասաց, որ հարցը ձևակերպում է հենց վարչապետի ոճով՝ «Ե՞րբ ենք լավ ապրելու»: Կարեն Կարապետյանն ասաց. «Եթե իմ ոճով, ապա շարունակեք, երբ ես հարցը տալիս եմ, պատասխանն էլ եմ տալիս:
Ասեմ հետևյալ կերպ՝ չի լինելու մի պահ, որ մենք երբևէ մեր առաջ նոր հորիզոն չդնենք և բավարարված լինենք ամեն ինչով: Մենք մեր հիմնական խնդիրը դրել ենք. հաշվետվություն տալու ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, մեր գործառույթը կայանում է նրանում, որ մենք կարողանանք բացատրել, որ այդ փոփոխությունները մաքսիմալ մոտ են այն հնարավորությունների և սահմանափակումների մեջ, որոնք մենք ունենք: Յուրաքանչյուրը պետք է հավատա, որ կարող ենք ֆանտաստիկ լավ երկիր ունենալ: Իհարկե, պետք է հաշվի նստենք սահմանափակումների, խոչընդոտների, տարածաշրջանի, մարտահրավների հետ, բայց չի նշանակում, որ մենք պետք է ասենք, որ ոչ մի բան անհնար է անել, ոչ մեկին պետք չենք»:
Հանդիպմանը ներկա էր մշակութի նախարար, կուսակցության պատգամավորության թեկնածու (ցուցակում 5-րդ համար) Արմեն Ամիրյանը:
«Մենք ասել ենք, որ ամեն բան ծառայեցնելու ենք մեր ժողովրդի, պետության համար: Մենք հենց այն միջոցն ենք, որի միջոցով դուք կարող եք իրականացնել ձեր երազը, միասին կարող ենք կերտել մեր երազի երկիր հայրենիքը»,- նշեց նա:
Ա. Ամիրյանի խոսքով, քաղաքացիները պետք է զանազանեն իրատեսական ու անիրատեսական ծրագրերը և ապրիլին 2-ին քվերակություն կատարեն ապահով, անընդհատ առաջ գնացող հայրենիքի համար:
Երևանի քաղաքապետ, ՀՀԿ համապետական ցուցակի 2-րդ համար Տարոն Մարգարյանը նշեց, որ ՀՀԿ-ն երբեք չի վախեցել, պատասախանատվությունից չի խուսափել, փորձել է ժողովրդի հետ միասին լուծումներ տալ երկրի առջև ծառացած խնդիրներին: Նա նշեց, որ որ իրենց ծրագիրն իրականություն է դառնալու:
«Այն փոփոխությունները, որոնք ներկայացում է վարչապետը, մենք վստահում ենք, հավատում ենք, որ շատ կարճ ժամանակ անց մենք մեր մաշկի վրա դա զգալու ենք»,- ասաց Տ. Մարգարյանը:
Նա վստահ է , որ ապրիլի 2-ին երևանցիները, ավանցիները կվստահեն այն ուժին, որն ունի մեծ, փորձառու թիմ, պատրաստ է կրել պատասխանատվությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան. Ես չափազանց շահագրգռված եմ, որ ձեր թոշակը բարձր լինի, որ ՀՀ քաղաքացին լավ ապրի
- Կարեն Կարապետյանն առաջարկել է պասիվ դիտորդի կարգավիճակում չսպասել
- Մենք վստահ ենք՝ ինչ հայտարարում ենք, անելու ենք. Կարեն Կարապետյան
- Կարեն Կարապետյան. Պետք է գանք մի վիճակի, որ մեր հանրապետության մի մեծ զանգված չիմանա՝ վարչապետն ով է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան