Ծառուկյան. Մեզ պետք է հնարավորություն տաք, համակարգ փոխենք
«Քանի՞ տոկոսով եք բանկից վարկ վերցրել»: Ապարանցիների հետ հանդիպմանը հարցրեց Գագիկ Ծառուկյանը, ով գլխավորում է «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակը:
«24 տոկոսով»,-արձագանքեցին հավաքված մարդկանցից մի քանիսը:
«Այսինքն, դա նշանակում է , որ դուք խորտակման եզրին կանգնած եք: Գյուղատնտեսական վարկերը պետք է լինեն 2-5 տոկոս, որ մարդիկ կարողանան շնչել»,-ասաց Ծառուկյանը:
Նա խոստացավ, որ իր ընտրվելու պարագայում դրանք վերանայվելու են, մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու, իսկ գումարը չմարելու համար բանկին մնացած հողերը պետք է վերադարձվեն գյուղացիներին:
«Գյուղացին պետք է հարկերից ազատվի 3-5 տարի: Սրանք ես անգիր չեմ արել, պրակտիկ կյանքով անցել եմ: Պետք է հնարավորություն տալ մարդը հույսով, հավատով ապրի, աշխատի, ստեղծի, իր տունը պահի: Ցանկացած տղամարդ ցանկանում է արժանապատիվ կերպով տուն մտնի, բաց ճակատով մտնի: Ցանկացած մարդ ուզում է իր երեխայի համար պետք եղածն առնի»,-ասաց Ծառուկյանը, ավելացնելով, որ ստիպված արտագաղթում են այլ երկիր ու այնտեղ կարճ ժամանակ անց աշխատանք գտնում, ընտանիքին օգնում, ապա տեղափոխում:
Նրա համոզմամբ, այս պարագայում խնդիրը ոչ թե մարդիկ են, այլ երկիրը, օրենքները:
«Մեզ պետք է հնարավորություն տաք՝ օրենք փոխենք, համակարգ փոխենք, պայման ստեղծենք, մարդիկ ոնց իրենց ունեցվածքին կվերաբերեն, այնպես էլ բյուջեին: Ցանկացած ոլորտին, մարդկանց պետք է հավասարապես մոտենալ»,-ասաց Ծառուկյանը:
Նա ասաց, որ իրենք զարկ են տալու գյուղատնտեսության զարգացմանը, խոտհարք դարձած հողատարածքները մշակելուն, գործարաններն աշխատեցնելուն, աշխատատեղեր ստեղծելուն:
«Բարդ բաներ չեմ ասում, տիրապետում եմ, հասկանում եմ, կազմակերպում եմ, աշխատացնում եմ, անհնարին ոչինչ չկա»,-ասաց Ծառուկյանը, նշելով, որ որակյալ ապրանքն էլ իրացման խնդիր չի ունենա՝ Ռուսաստանի անծայրածիր շուկան ու արաբական երկրները հերիք են:
Ծառուկյանն ասաց, որ չի խնդրում իրեն ձայն տալ. «Կենտրոնացեք: Էսօր հնարավորություն է տրված առանց արյան, առանց որևէ պրոբլեմների, գնաք մի օր ընտրություն կատարեք, հետո պահանջեք: Ով չի կարա անի, պետք է իր տեղը զիջի, ով կարա անի, իրա ցավը տանեմ, թող չարչարվի, թող անի: Այնպես որ ոչ մեկին չմեղադրեք, մեղավորը դուք եք, ով կարող է աշխատի, նա պետք է աշխատի: Այ մեզ պետք է տաք 50+1, որ համակարգ փոխենք, օրենք փոխենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան