Սեյրան Նիկողոսյան. Դժգոհ եմ մեր հրաձիգների ելույթներից
Երեկ Սլովենիայի Մարիբոր քաղաքում ավարտվել է հրաձգության Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների առաջնությունը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին չեն գոհացրել արդյունքները: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչը նշել է, որ եզրափակչում ավելի շատ մասնակիցներ էր ակնկալում:
«Դժգոհ եմ հատկապես մեծահասակների ցույց տված արդյունքից: Եզրափակչում ընդամենը երկու մասնակից ենք ունեցել` Լիլիթ Մկրտչյանը, որը մեծահասակների պայքարին առաջին անգամ մասնակցելով փոխչեմիոն դարձավ եւ 4-րդ տեղը գրաված ավելի փորձառու Զավեն Իգիթյանը:
Մեծահասակների հետ մեծ հույսեր էինք կապում նաեւ թիմային պայքարում, սակայն նրանք վատ հանդես եկան: Մեր հրաձիգները հոգեբանորեն չկարողացան իրենք իրենց հաղթահարել: Նրանք շատ լավ էին պատրաստվել եւ ամեն ինչով ապահոված են եղել»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:
Սեյրան Նիկողոսյանի հիմնական սպասելիքները պատանիներից էին: Մարզիչը հայտնել է որ նրանք մասնակցեցին երիտասարդների առաջնությանը, որ փորձ ձեռք բերեն մինչեւ 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերը.
«Բենիկ Խլղաթյանը, Ալլա Պողոսյանն ու Նարեկ Ադամյանը միջին արդյունք են ցույց տվել, բայց դա առայժմ բավարարում է պատանիների օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելու համար:
Բաքվում կայանալու է օդամղիչ զենքերի Եվրոպայի առաջնությունը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական վարկանիշեր: Մեր պատանիները հասկանալի պատճառով չեն մասնակցի: Նրանք վարկանիշի համար պայքարել կկարողանան հաջորդ տարվա Եվրոպայի առաջնությունում:
Հունիսին կայանալու է երիտասարդների Լեհաստանի բաց առաջնությունը, որին կմասնակցեն մեր պատանիները: Այնուհետեւ լեհերի, ուկրաինացիների եւ լատվիացիների հետ ուսումնամարզական հավաք կանցկացնենք:
Հետո կմեկնենք Գերմանիա` աշխարհի գավաթի խաղարկությանը: Հավաքականի կազմում հավանաբար կընդգրկվի 6 մարզիկ: Մեծահասակները վատ մրցելույթի պատճառով պատժված են եւ բաց կթողնեն աշխարհի գավաթի խաղարկությունը»,-հայտնել է Սեյրան Նիկողոսյանը: