«Գազպրոմ Արմենիա». «Հայաստանում գազի ավելի ցածր սակագին ունենալ հնարավոր չէ»
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը «Հայաստանի հանրային հեռուստատեսության» և «Արմենիա» հեռուստաընկերության խնդրանքով մեկնաբանել է գազի ավելի էժան սակագին ունենալու հնարավորության վերաբերյալ քաղաքական որոշ գործիչների հայտարարությունները: Ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի` սակագինը նրանց առաջարկած թվաբանությամբ հաշվարկելիս պարզ է դառնում, որ գազը հայ սպառողին կարող է հասնել գործողից ավելի բարձր գնով:
«Տեղեկություններ տարածվեցին, որ կարելի է գազ գնել նաև Իրանից, հրաժարվել ռուսական գազից, նույնիսկ գազը գնել 200 դոլարով, վաճառել 230-240 դոլարով: Սակայն եթե նույնիսկ այս թվաբանությամբ հաշվարկենք, այդ գնին դեռ պետք է ավելացնել ավելացված արժեքի հարկը և «Գազպրոմի» մարժան»,-բացատրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը և մանրամասնել, որ եթե հաշվարկած 200 դոլարին գումարվի «Գազպրոմի» մարժան՝ 30-ից 40 դոլար, սրան էլ գումարվի ավելացված արժեքի հարկը, ապա գումարը կհասնի 300 դոլարի:
Հրանտ Թադևոսյանը հիշեցրել է, որ այսօր Հայաստանում գործող գազի սակագինն իր մեջ ներառում է ավելացված արժեքի հարկը, և դրանով հանդերձ՝ գազի միջին գինը Հայաստանում կազմում է 255 դոլար, ուստի գործող սակագինն ամենաօպտիմալն է:
«Հայաստանում հնարավոր չէ ունենալ ավելի ցածր սակագներ: Այն, ինչ ունենք այսօր, համարում ենք ամենաօպտիմալը և լավագույն տարբերակը»,-ասել է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան