Նախագահ Սերժ Սարգսյանի հոդվածը «Իզվեստիա» թերթում
«Հայաստանն անցել է Երրորդ հանրապետության 25-ամյա հոբելյանի յուրօրինակ հանգրվանը պետական շինարարության արժեքավոր փորձ կուտակած՝ իր ձեռքբերումներով և սխալներով, բայց դեպի ապագա ձգվող վստահ հայացքով»: Այսպես է սկսում ռուսական առաջատար «Իզվեստիա» թերթում այսօր հրապարակված իր «Անվտանգություն և կայուն ժողովրդավարական զարգացում» վերնագրով հոդվածը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ավելացնում, որ չնայած անկախության առաջին տարիների լուրջ մարտահրավերներին, ինչպիսիք էին պարտադրված պատերազմը, փախստականները, էներգետիկ ճգնաժամը կամ տնտեսության քայքայումը, «Հայաստանը վստահ քայլեր արեց անկախ պետականության վերականգնման ուղղությամբ»:
«Հենց այս ձգտումն է, որ միավորել և միավորում է մեր մոտ 10 միլիոն հայրենակիցներին ամբողջ աշխարհում, ովքեր միասնական են Հայաստանը անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճող երկիր տեսնելու իրենց ցանկության մեջ»,-գրում է հանրապետության ղեկավարը:
«2015 թվականին անցկացված Սահմանադրական հանրաքվեից հետո Հայաստանը գտնվում է հիմնաքարային նշանակություն ունեցող քաղաքական բարեփոխումների շեմին, որոնք միտված են լիարժեք խորհրդանական կառավարման համակարգ ներդնելուն: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, բաց քաղաքացիական հասարակության զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը և արդյունավետ ու թափանցիկ կառավարման համակարգի ձևավորումը մեր երկրի զարգացման ռազմավարական ուղենիշերն են»,-նշել է նախագահ Սարգսյանը:
Անդրադառնալով արցախյան հակամարտության խնդրին, նախագահը գրել է, որ Արցախի բնակչության ֆիզիկական գոյությունը պաշտպանելու, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները զսպելու և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով էր, որ նորանկախ պետությունը հատուկ ուշադրություն դարձրեց բանակի կազմավորման և զարգացման խնդրին, որը կարճ ժամանակ անց դարձավ «երկրի առաջին կայացած պետական ինստիտուտներից մեկը՝ արդեն երկար ժամանակ համարվելով տարածաշրջանի ամենաուժեղ և մարտունակ զինված ուժերից մեկը»:
«Այսօր էլ, կազմավորումից 25 տարի անց, ՀՀ Զինված ուժերը շարունակում են կատարելագործվել, ամրապնդելով իրենց օպերատիվ հնարավորությունները և ժամանակակից զինատեսակներով հագեցվածությունը՝ զարգացնելով արդյունավետ կառավարման համակարգերը, քաղաքացիական և ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմները և միջազգային ռազմաքաղաքական համագործակցությունը»,-գրում է նախագահ Սարգսյանը:
Զինված ուժերի զարգացման և հնարավորությունների կատարելագործման հարցում մեծ դեր է ունեցել, ըստ նախագահ Սարգսյանի, ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ շարունակվող ռազմատեխնիկական համագործակցությունը՝ ներառյալ Զորքերի միավորված խմբավորման ստեղծումը, 102-րդ ռազմաբազան և համատեղ հակաօդային պաշտպանության համակարգերը:
«Այս ամենը բացառապես միտված է երկրի անվտանգության ապահովմանը և կայուն ժողովրդավարական զարգացմանը՝ չկարգավորված հակամարտություններ ունեցող պայթյունավտանգ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության շահերից ելնելով», - գրել է հանրապետության նախագահը:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի ընթացքում հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա ՌԴ բարձրագույն ղեկավարության հետ: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը:
ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սարգսյանը կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որտեղ հանդիպում կունենա համալսարանի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան