Քարոզարշավը բավական հետաքրքիր, կոռեկտ և կուլտուրական է անցնում. Սամվել Մարտիրոսյան
Քարոզարշավը բավական հետաքրքիր, կոռեկտ և կուլտուրական է անցնում, քան կարելի էր պատկերացնել: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի՝ համացանցում ծավալող գործունեությանը, ապա բոլոր քաղաքական ուժերն օգտագործում են միևնույն հարթակը՝ ֆեյսբուքը, մի փոքր էլ ինստագրամը: Այս ընտրություններին պատգամավորության թեկնածուների մեծ մասն արդեն ֆեյսբուքում կա, մինչդեռ չկային սրանից առաջ կայացած ընտրությունների նախաշեմին: Այժմ կուսակցությունները նրանց ստիպում են գոնե կոստյումով նկարներ հրապարակել՝ թեկուզ իրենց էջերում ոչինչ չգրելով»,- փաստեց բանախոսը:
Սամվել Մարտիրոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ համացանցում վերջին օրերին փորձում է ակտիվություն դրսևորել Կոմունիստական կուսակցությունը:
Ինչ վերաբերում է պատգամավորության թեկնածու, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, ապա նա բավական սպեցիֆիկ դեմք է և ինչ քայլ էլ քարոզարշավի ընթացքում կատարի, մի փոքր տարօրինակ է դիտվելու: Առավել ևս՝ քարոզարշավում զոհված զինվորի մորը ներգրավելը: