Մեկնարկել է հանրակրթական դպրոցների աշակերտների «Սպորտլանդիան»
Մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նոր մարզական մասսայական միջոցառումը՝ «Սպորտլանդիան», որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության և Արցախի հանրակրթական դպրոցների աշակերտները:
Նախարարությունից հայտնում են, այս փուլում մրցում են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրակրթական դպրոցների 1-ինից 3-րդ և 4-7-րդ դասարանների մոտ 40000 աշակերտներ, որոնք մրցելու են 5 մրցաձևերում:
«Սպորտլանդիա» մարզական միջոցառման առաջին փուլն անցկացվում է ՀՀ 39 համայնքներում, Երևանի 12 վարչական շրջաններում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Ըստ ժամանակացույցի 1-ինից 3-րդ դասարանների միջև առաջին համայնքային փուլն անցկացվում է մարտի 10-ից 25-ը, երկրորդը՝ ապրիլի 20-ից 23-ը, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը՝ մայիսի 11-ից 13-ը՝ Երևանում:
4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիայի» առաջին համայնքային փուլը նույնպես մեկնարկել է մարտի 10-ին և ավարտվելու է մարտի 25-ին, երկրորդ մարզային փուլը կանցկացվի ապրիլի 25-ից 29-ը, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը՝ մայիսի 15-ից 17-ը՝ Երևանում:
Ըստ աղբյուրի, հանրակրթական դպրոցների բարձր դասարանների աշակերտների համար նույնպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակվել է նոր մարզական մասսայական միջոցառում՝ 8-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադան», որի ընթացքում մասնակիցներն ուժերն են չափելու բասկետբոլ, վոյելբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս և հնգամարտ մարզաձևերում: «Սպարտակիադան» կմեկնարկի 2017 թվականի ապրիլ ամսից:
Հարակից հրապարակումներ`
- Ղազարյան. «Փորձենք համատեղ ուժերով նպաստել սպորտի մասսայականացմանը»
- «Հիմա որ դրսում ցուրտ է, ներս ենք անցել». Ռոստոմյանի պատասխանը՝ վարչապետին
- Սպորտի մասսայականացման ծրագիրը մշակվում է տարիքային բոլոր խմբերի համար
- Վարչապետը սպորտի նախարարի քայլերը դեռ չի նկատում