Ուկրաինայի, Իրանի և Հայաստանի քաղաքացիներ են կալանավորվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի խումբ, պարզվել իրացնողների և ձեռք բերողների ինքնությունը։
ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ երեք քաղաքացներ, Ուկրաինայի քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, 2017թ. փետրվարի 20-ին ԻԻՀ քաղաքացուց ապօրինի ձեռք են բերել 3611,05 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոց: Վերջիններս նույն օրը բերման են ենթարկվել, և նրանցից մեկի ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ թմրամիջոցը, իսկ մյուսի անձնական խուզարկությամբ` «Մակարով» տեսակի ատրճանակ և 9մմ տրամաչափի 7 փամփուշտ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 7 անձի, որոնցից 4-ը՝ ՀՀ, 2-ը՝ ԻԻՀ, 1-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ, մեղադրանքներ են առաջադրվել, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Եվս մեկ ԻԻՀ քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը և դրանց իրացման գործում հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում