ԵԽ-ն հրապարակել է անդամ երկրներում քրեակատարողական վիճակագրության վերաբերյալ զեկույց
Եվրոպայում 2014-ից 2015թթ․-ներին դատապարտյալների թիվը կրճատվել է 6,8 տոկոսով, սակայն բանտերի գերբնակեցումը շարունակում է լինել խնդիր ԵԽ 15 երկրներում։ Այս մասին է վկայում այսօր հրապարակված Եվրոպայի խորհրդի քրեակատարողական վիճակագրության վերաբերյալ տարեկան զեկույցը։
ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ողջունել է բանտերում մարդկանց թվի նվազումը ու նշել, որ այլընտրանքային պատժի կիրառումը չի հանգեցնի ավելի մեծ հանցագործությունների, այլ կարող է օգնել դատապարտվածների վերաինտեգրմանն ու լուծել բանտերի գերբնակեցման խնդիրը։ Ազատազրկվածների թվի նվազում է տեղի ունեցել Հունաստանում, Խորվաթիայում, Դանիայում, Իռլանդիայում, Նիդերլանդներում։ Մյուս կողմից՝ ազատազրկվածների թվի աճ է գրանցվել Վրաստանում՝ +20,5 տոկոս, Մակեդոնիայում՝ +12 տոկոս, Թուրքիայում՝ +11,6 տոկոս, Չեխիայում՝ +11,4 տոկոս։
Զեկույցում նշվում է, որ 100 հազար բնակչին բաժին ընկնող ազատազրկվածների թվով ամենաբարձր ցուցանիշներ ունեցող երկրներն են Ռուսաստանը՝ 439.2, Լիտվան՝ 277.7, Վրաստանը՝ 274.6, Ադրբեջանը՝ 249.3, Լատվիան՝ 223.4, Թուրքիան՝ 220.4 և Մոլդովան՝ 219.9։ Ամեցածր ցուցանիշներն ունեն Նիդերլանդներն ու Նորդիկ երկրները։
Բնական պատճառներից բացի, բանտերում մահացության ամենատարածված պատճառը ինքնասպանությունն է, որը կազմում է մահվան դեպքերի 25 տոկոսը։ 4 ինքնասպանություններից 1-ը կատարվում է նախնական կալանքի ժամանակ։Հայաստանի հետ կապված զեկույցում նշվում է, որ 2015թ․-ին Հայաստանում եղել է ընդհանուր առմամբ 3888 բանտարկյալ, որը 100 հազար բնակչին բաժին ընկող ցուցանիշով կազմում է 129,7 բանտարկյալ, որը ԵԽ անդամ երկրների համար միջին համարվող 115.7-ից մի փոքր բարձր ցուցանիշ է։Նշվում է, որ 2005թ․-ից ի վեր 100 հազար բնակչին բաժին ընկնող դատապարտյալների թիվը Հայաստանում աճել է 48 տոկոսով։ Թուրքիայում այս ցուցանիշն աճել է 191 տոկոսով, Ալբանիայում՝ 90, Սան Մարինոյում՝ 79 տոկոսով։
Հայաստանում կին դատապարտյալների թիվը ԵԽ միջինից (5.2%) ցածր է ու կազմում է 4,4 տոկոս։
Հայաստանում դատապարտված օտարազգիների թիվը ԵԽ միջինից (10.8%) բավական ծացր է` 3.2%:
Զեկույցը չի ուսումնասիրել ՀՀ-ում բանտերի գերբնակեցման խնդիրը։
2014թ․-ին Հայաստանում ազատ արձակվածների թիվը կազմել է 1464, որը գրեթե 2 անգամ պակաս է 2013թ․-ի ցուցանիշից, երբ ազատ էր արձակվել 2 531 մարդ։
2014թ․-ին ՀՀ ՔԿՀ-ներում գրանցվել է 38 մահվան դեպք, որը ամենաբարձր ցուցանիշներից է ԵԽ երկրներում, գրանցվել է ինքնասպանության 4 դեպք, որը ևս միջինից բարձր ցուցանիշ է։
Հայաստանում 2013թ․-ին բանտերի վարչարարության վրա ծախսվել է 14,664,610 եվրո։ Մեկ բանտարկյալի համար օրական ծախսվող գումարը Հայաստանում կազմում է 10,3 եվրո, որը 5 անգամ պակաս է ԵԽ միջին ցուցանիշից, որը կազմում է 52.36 եվրո։ 1 բանտարկյալի վրա օրական ծախսվող ամենացածր ցուցանիշն ունի Վրաստանը՝ 5,66 եվրո, իսկ ամենաբարձրը Շվեդիան ու Սան Մարինոն՝ համապատասխանաբար 354 ու 480,8 եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում