Քաղաքացիները կարող են վստահ լինել, որ քվեախցում իրենց վերահսկելու տարբերակ չկա. Արամ Մանուկյան
«Դեռ երկու օր առաջ եմ ասել, որ ապտակները, դանակահարությունները դեռ ծաղիկներ են, շարունակություն են ունենալու կրակոցների ձևով: Հիմնականում իշխանական ուժերի մոտ է, նաև փող բաժանողների մոտ է կոնֆլիկտները»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ , «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ռեյտինգային ցուցակով թիվ 2 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Արամ Մանուկյանը՝ խոսելով վերջին օրերին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած կրակոցներին, նաև մինչ այդ տարբեր թեկնածուների միջև տեղի ունեցած միջադեպերին:
Նրա խոսքով, մոտավորապես փողոցային հաշիվ մաքրելու մակարդակի են իջեցնում ընտրությունները:
«Սպասելի էր, երբ որ ռեյտինգային համակարգը մտավ: Մենք ասում էինք, որ այսպես է լինելու, չէին լսում: Շատ աննորմալ վիճակ է: Նույն կուսակցության ներկայացուցիչները, ամեն ընտրատարածքում միջինը տաս հոգի, իրար դեմ են մրցում: Անձերի կռիվ է, մանավանդ եթե չկա գաղափարը»,- ասաց Ա. Մանուկյանը:
Նա նշեց, որ իրենց դաշինքի դեպքում այդպես չէ, օրինակ, նախօրեին ութ թեկնածուով, թև-թիկունքի, իրար ձեռք բռնած, կատակելով պտտվել են Արաբկիրով. «Ոչ մեկս մեզ չէինք քարոզում, քարոզում էինք մեր խաղաղության ծրագիրը: Որքան էլ ամեն մեկս ձայն հավաքենք, խաղաղության ֆոնդին ընդհանրական ձայն կբերենք: Սա է մեր սկզբունքը»:
Հարցին, թե Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ստացե՞լ է ահազանգեր ընտրախախտումների, ընտրակաշառքների, ցուցակագրումների մասին, Ա. Մանուկյանն ասաց. «Իհարկե, ստացել ենք բողոքներ, հիմնականում անանուն: Գյուղերում հանդիպումների ժամանակ էլ ասում են: Արդեն հասցրել ենք լինել տարբեր մարզերի 20 գյուղում, իրականությունը գիտենք»:
ՀԱԿ փոխնախագահի խոսքով, օրենքի որոշակի բարելավման արդյունքում իշխանությունները ճնշումը փորձել են տեղամասից տեղափոխել մինչև ընտրությունները քաղաքացու վրա, բարձրացրել են կաշառքների չափը:
«Եթե անցած ընտրությունների, հանրահավաքի ժամանակ կարողացան ակնհայտ կեղծիքներ անել, հիմա գիտեն, որ տեսանկարահանող սարքերով 24 ժամ ամեն ինչ նկարահանվելու է, հասու է լինելու բոլորին, կիրառվելու են դատական պրոցեսներում որպես փաստեր: Այսինքն, ներսում չունեն անելիք, կեղծելու հնարավորությունները խիստ քչացել են»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նա նաև նշեց, որ քաղաքացիները, եթե մտնում են քվեախուց, կարող են վստահ լինել, որ իրենց վերահսկելու որևէ տարբերկ չկա, կարող են քվեարկել նրա օգտին, ում ցանկանում են:
«Վերահսկելու տարբերակ չկա, ստուգելու տարբերակ չկա, թե ում ես ընտրել: Փող տվողը, վախեցնողը, կրիմինալը չեն տեսնի, թե ում ես ընտրել: Եթե մենք այս փոքր, բայց շատ լուրջ հարց լուծող խնդիրը կարողանանք լուծել, հավատացնում եմ, կարող ենք նորմալ ընտրություններ անցկացնել»,- ասաց պատգամավորության թեկնածուն:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլի 2-ի ընտրությունների գլխավոր հարցը՝ ըստ Լևոն Զուրաբյանի
- Այդ անգրագետներին մի ուղարկեք պառլամենտ. Արամ Մանուկյան
- Մեր պետության նավը պետք է ճիշտ կառավարել. Լևոն Զուրաբյան
- Լ.Զուրաբյան. Մեր անվտանգության, Արցախի պահպանման միակ տարբերակը և հնարավորությունը խաղաղության կնքումն է
- Լ. Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը մեր ընտրարշավի կանոններին չի ենթարկվում
- Մեր ծրագիրն իրականում սովորական նախընտրական ծրագիր չէ. Լևոն Զուրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին