«Երևանյան Հեռանկարներ»-ը Հայաստան է բերելու հայտնի երաժիշտների
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ փառատոնի շրջանակում այս տարի Երևան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, հռչակավոր դաշնակահար Արկադի Վոլոդոսը` մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ, 8 անգամ գրեմմի մրցանակի արժանացած Էմերսոն լարային քառյակը:
Panorama.ama-ին փառատոնի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ փառատոնային տարին կեզրափակի հանճարեղ դաշնակահար, հայազգի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը: Տեղի կունենան վարպետության դասընթացներ` Բյուրականի ակադեմիայում և համերգներ մարզերում:
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը տեղի կունենա 2017թ-ի մարտի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով: Երաժիշտը փառատոնի շրջանակներում Երևանում հանդես է եկել «Ցուկերման Չեմբըր Փլեյրս» կամերային նվագախմբով և «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ:
Այս անգամ Պինկաս Ցուկերմանը հանդես կգա թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն` Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար լյա մինոր և նույն հեղինակի Թիվ 4 Սիմֆոնիան:
««Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հանդիսանում է Եվրոպայի մեկ տասնյակ լավագույն փառատոներից մեկը, որը շարունակաբար գրանցում է մեծ նվաճումներ` ի շահ մեր երկրի մշակութային, կրթական, արտաքին քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտների»,- նշեցին փառատոնի մամուլի ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին