Արտաշես Մադոյան. Աշխարհի առաջնությունից առաջ չկարողացանք ուսումնամարզական հավաք կազմակերպել
Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնության ավարտից հետո վերջնականապես կորոշվի հավաքականի կազմը, որը կմասնակցի Պլովդիվում կայանալիք աշխարհի առաջնությանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում այս մասին հայտնել է սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:
«Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները կկայանան Պլովդիվում: Ապրիլի 1-4-ը խոցասուսեր զենքաձևում հանդես կգան մինչև 17 տարեկան պատանիները` Արմեն Դալլաքյանը և Անահիտ Ալոյանը: Ապրիլի 5-8-ը երիտասարդները` Էդուարդ Հովակիմյան, Էմմա Պողոսովա (երկուսն էլ խոցասուսեր), Մայքլ Հովհաննիսյան (ճկասուսեր): Երիտասարդների հավաքականի վերջնական կազմը պարզ կլինի Հայաստանի առաջնությունից հետո: Հնարավոր է մեկ մարզիկ ևս ավելանա»,- ասել է Արտաշես Մադոյանը:
Նրա կարծիքով, մարտի 1-9-ը Պլովդիվում կայացած Եվրոպայի առաջնությունում այս տարիքային խմբերի անհաջող ելույթը պայմանավորված էր նախապատրաստական ընթացքի հետ:
«Ամեն ինչ արվում է սահմանափակ ֆինանսական հնարավորություններով: Չկարողացանք ուսումնամարզական հավաք կազմակերպել: Այո, մենք համատեղ մարզումներ անցկացրինք, բայց դա բավարար չէ այս մակարդակի մրցաշարում հանդես գալու համար:
Ինչ վերաբերում է արդյունքներին, Արմեն Դալլաքյանը, Անահիտ Ալոյանը և Մայքլ Հովհաննիսյանը կարողացան հաղթահարել թիմային փուլը և մտնել 64 լավագույնների կազմ, սակայն ավելին անել նրանց չհաջողվեց:
Մեր մարզիկները չունեն ծավալուն մարտական պրակտիկա, իսկ այս մակարդակի մրցաշարերում դա վճռորոշ նշանակություն ունի»,- նշել է գլխավոր քարտուղարը:
2018 թվականի գարնանն ընթացալիք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում կխաղարկվեն ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր:
«Պետք է մտնել 8 լավագույնների ցանկ, ինչը շատ դժվար է: Կա ևս մեկ ճանապարհ, դա Եվրոպայի գավաթի խաղարկության փուլերում բավարար քանակով միավորներ հավաքելն է: Դա էլ դժվար կլինի, բայց մենք կպայքարենք»,- ասել է Արտաշես Մադոյանը:
Մեծահասակների Հայաստանի առաջնությունն ամենայն հավանականությամբ կանցկացվի մայիսին:
Ապրիլի 21-26-ը Մինսկում կկայանա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Էդուարդ Հովակիմյանը, Մայքլ Հովհաննիսյանը և Էմմա Պողոսովան:
Հաջորդ տարի այդ մրցաշարը կանցկացվի Երևանում:
Հարակից հրապարակումներ`
- Պատանի և երիտասարդ սուսերամարտիկները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
- Երևանում կանցկացվի սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը