Դասասենյակներում տեսահսկումը երեխաների իրավունքների խախտում է. Գ. Հայրապետյան
«Վարույթ է հարուցվել 20 դպրոցների դեմ, որոնք տեսահսկում էին իրականացնում ոչ թե միջանցքներում, այլ դասասենյակներում»,-այսօր «Երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ այստեղ բախվող իրավունքներ կան. «Մի կողմից ասում են, որ ուզում են վերահսկել, որ գույքը անվնաս լինի և այլն։ Բայց միջազգային լավագույն փորձը հետևյալն է ասում՝ տեսահսկումն անձնական տվյալի հավաքում է և դրա միջոցով վերցված պատկերը համարվում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալ, այսինքն մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկությունով՝ պատկերով հնարավոր է անսխալական նույնականացնել մարդուն։ Փորձը ցույց է տալիս, որ երեխաների անհատականության զարգացման իրավունքը խեղաթյուրվում է, եթե երեխան նորմալ համարի, որ իրեն կարող են փոքր տարիքից տեսահսկել։ Երեխան պետք է ներքուստ ընդդիմանա նրան, որ իրեն կարող են վերահսկողության տակ պահել տեսահսկման միջոցով։ Դա անկախ ամեն ինչից միջամտություն է երեխայի անձնական կյանքին և պետք է բացառիկ ու սահմանափակ լինի, այլ ոչ թե ցանկացած նպատակով»։
ԱՆ աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետը նշեց, որ դասասենյակում տեղադրված տեսախցիկը բացի երեխայի անհատականության ձևովորման իրավունքի խոչընդոտ լինելուց, նաև խոչընդոտում է երեխայի կրթվելու իրավունքին, քանի որ երեխան կարող է կաշկանդվել դաս պատասխանելիս: Նա շեշտեց, որ սա միջամտում է նաև ուսուցչի կրթելու իրավունքին և կաշկանդում նրան։
«Վարույթի շրջանակում բոլոր դպրոցներում տեսահսկման իրականացման վերաբերյալ որոշումներ կայացվեցին։ Հիմնականում գործակալությունը խախտում էր գտել նրանում, որ այն նպատակը, որ իրենց առաջ դրել էին դպրոցները կարելի էր այլ միջոցներով իրականացնել, որոնք ավելի նվազ են միջամտում մարդու անձնական կյանքին։ Օրինակ միջանցքում կամ դպրոցի շենքի շրջակայքում տեղադրելը տեսախցիկները ավելի քիչ են միջամտում երեխայի անձնական կյանքի իրավունքին։ Կամ եթե նպատակը դասասենյակի գույքը վնասելուց, գոցանալուց պաշտպանելն է, ապա դասապրոցեսի ընթացքում ուսուցիչն ինքը հանդես է գալիս որպես վերահսկող»,-հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին