Ստեփանակերտում նոր հուշահամալիր է կառուցվում
Ստեփանակերտի Հայկավան թաղամասում՝ Կրկժանի հարևանությամբ՝ պատերազմի տարիներից հայտնի «Կոբրա» անունով բլրի վրա, հայ ազգի գոյատևման պայքարի զոհերի հիշատակին նոր ու ժամանակակից հուշահամալիր է կառուցվում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հուշահամալիրի շինարարական աշխատանքներ իրականացնող «Կոբրա» ՓԲ ընկերության տնօրեն Արմեն Առստամյանն ասել է, որ այն կառուցվում է ծննդով արցախցի, պատերազմի մասնակից, մոսկվայաբնակ բարերար Սիմոն Պետրոսյանի մտահղացմամբ և օժանդակությամբ:
«Ստեփանակերտի գրեթե բոլոր հատվածներից երևացող այս համալիրում շինարարական աշխատանքներն ընթանում են 2007 թվականից: Ընդհանուր առմամբ, համալիրն՝ իր օժանդակ կառույցներով, զբաղեցնում է մոտ 3000 քառ./մ տարածք: Ծավալատարածական կառուցվածքով այն խաչաձև է, իսկ խաչի թևերը իրենցից ներկայացնում են եռանկյուն կտրվածքով սյունաշարեր: Հատման կենտրոնում էլ վեր է խոյանալու հուշակոթող: Ջրի հոսքի համար, կառուցվելու է կասկադ, այնտեղից հոսելու է դեպի փոքր ջրավազաններ: Հուշակոթողը մոտ 20 մ բարձրություն ունեցող զարդաքանդակներով 2 կոթողներ ունի: Նախատեսվում է դրանց արանքում կառուցել պատյանի մեջ պահված թուր, ինչը խորհրդանշում է, որ հայ ժողովուրդը հաղթանակած թուրը դրել է պատյան, բայց պատրաստ է վտանգի պահին այն նորից հանելու: Հուշահամալիրի տարածքում նաև զբոսայգի է լինելու` քարե նստարաններով, ծաղկանոցներով, շվաքարան-տաղավարներով: Հուշահամալիրը երկու գլխավոր մուտք ունի. առաջինը՝ Հայկավան թաղամասից, երկրորդը` Կրկժանի կողմից:
Ուրախալին այն է, որ ամեն բան հարմարեցված է սահմանափակ կարողություններով մարդկանց ազատ տեղաշարժը ապահովելուն: Համալիրի տարածքի, առաջին և երկրորդ հարկերում, առանձին մուտքերով կառուցվում է ռեստորանային համալիր, հարավարևելյան կողմից` հյուրանոց: Հիմնական աշխատանքներն ավարտված են. արդեն սկսվել են ներքին հարդարման աշխատանքները: Ամենագլխավորը՝ համալիրն իր ճարտարապետական կառույցներով, և աշխարհագրական դիրքով որևէ այլ կառույցի չի կրկնում: Հիրավի, այս հուշահամալիրը հայ ժողովրդի հարատևության և անցյալի հիշողության յուրօրինակ խորհրդանիշ է դառնալու,-ասել է Ա. Առստամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան