Օլանդի կոչը, Ալիևի համաձայնությունը, «Human Rights Watch»-ի անդրադարձը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման համար բանակցությունները վերականգնելու անհրաժեշտության մասին: Հայտարարության մասին գրում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցով գտնվում է Ֆրանսիայում և նախագահ Օլանդի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցեր:
«Մենք խոսեցինք ղարաբաղյան հարցի մասին և ընդգծեցինք, որ գոյություն ունեցող ստատուս-քվոն անընդունելի է: Ռիսկեր կան, մենք համոզվեցինք դրանում նախորդ տարվա ապրիլին, երբ տեղի ունեցավ միջադեպը»,- հայտարարել է Օլանդը և ցանկություն հայտնել վերսկսել բանակցությունները:
«Մենք ցանկանում ենք, որ վերականգնվեն բանակցությունները: Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ցանկանում ենք, որպեսզի մյուս համանախագահները ևս այս գործընթացում իրենց ներդրումն ունենան: Կարծում ենք՝ պարամետրերը հայտնի են և կարելի է գտնել այս երկարձգվող հակամարտության լուծման ուղին»,- հայտարարել է Ֆրանսուա Օլանդը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես անհրաժեշտ է համարել վերսկսել արցախյան հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները: Վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Առաջին փուլում պետք է արագ վերականգնվեն բանակցությունները: Հայաստանը չպետք է հետ կանգնի բանակցություններից»,- ասել է Ալիևը և նշել, որ ստատուս-քվոն անընդունելի է:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն ընդունելի չէ: Մենք նույնպես դրա մասին ենք խոսում և ցանկանում ենք, որ ստատուս քվոն որքան հնարավոր է արագ փոխվի, և հակամարտությանը վերջ տրվի: Տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի, իսկ տեղահանված ադրբեջանցիները վերադառնան իրենց հայրենի հողերը»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա:
Ադրբեջանի նախագահի Ֆրանսիա կատարած այցին անդրադարձել է նաև «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը»:
Կազմակերպության կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ Փարիզ, Բրյուսել կամ եվրոպական այլ մայրաքաղաքներ այցելելով Ալիևը հույս ունի ավելի շատ բիզնես հնարավորություններ և ներդրումներ ձեռք բերել Ադրբեջանի համար։
«Սակայն վերջինս արհամարհում է այն, որ Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է մարդու իրավունքների պաշտպանություն, թափանցիկություն և լավ կառավարում։ Ֆրանսիայի նախագահը պետք է հրապարակայնորեն կոչ անի ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են քննադատության համար»,-նշված է հոդվածում։