Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ` ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ:
Նեղ կազմով հանդիպման սկզբում ՌԴ Նախագահը, ողջունելով գործընկերոջը, ասել է, որ ապրիլի 3-ին Ռուսաստանն ու Հայաստանը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այս տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային բնույթ:
«Մենք ակտիվ փոխգործակցում ենք միջազգային կազմակերպություններում գրեթե բոլոր ուղղություններով՝ ներառյալ հետխորհրդային տարածքում ստեղծվածները, ինչպես նաև ունիվերսալ միջազգային կազմակերպություններում:
Այս տարիների ընթացքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները մշտապես կառուցվել են անցյալի, դարերի խորքից եկող խորը արմատների հիման վրա: Դրանք նույնկերպ շարունակվում են զարգացման ներկա փուլում:
Մենք գիտենք, որ մեր հանդիպումն անցկացվում է նաև Հայաստանում ներքին քաղաքական խոշոր իրադարձություններին պատրաստվելու ֆոնին. ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ, և այս ամենը կապված է սահմանադրական բարեփոխումների հետ: Գործընթացը, կարծես, հեշտերից չէ, բայց համոզված եմ, որ Հայաստանը Ձեր ղեկավարությամբ կանցնի զարգացման այս փուլը: Մենք անկեղծորեն մաղթում ենք Ձեզ հաջողություններ»,-նշել է Նախագահ Պուտինը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին ՌԴ պաշտոնական այցի հրավերի համար և նշել, որ երկու երկրների փոխգործակցությունն անընդհատ համալրվում է՝ ի հայտ են գալիս նոր հարցեր, և բարձրագույն մակարդակով մշտական հանդիպումները թույլ են տալիս ամփոփել կոնկրետ ժամանակահատվածի կտրվածքով կատարված աշխատանքը, և բնականաբար, նախանշել մեր համագործակցության գլխավոր ուղղությունները մոտ ապագայի և հեռանկարի համար:
«Իսկապես, այս տարին հոբելյանական է՝ տոնում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ տարիները եղել են սերտ համագործակցության ժամանակաշրջան, և մեզ հաջողվել է ձևավորել իսկապես դաշնակցային հարաբերություններ:
Նման բնույթի հարաբերությունները միշտ թելադրում են մեր օրակարգը: Վլադիմիր Վլադիմիրի, վստահ եմ, որ մեր այսօրվա հանդիպումը ևս, կլինի բովանդակալից, և կանցնի լիարժեք փոխվստահության մթնոլորտում:
Շնորհակալություն հրավերի, ջերմ ընդունելության համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Նեղ կազմով հանդիպումից հետո, կայացել են ընդլայնված կազմով բանակցություններ` երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
Ի պատիվ պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. ՀՀ և ՌԴ հարաբերությունների նման բնույթը թելադրում է իր օրակարգը
- Պուտինը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը սահմանդրական փոփոխությունների հետ կապված փուլը հաջողությամբ կանցնի
- Կրեմլում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը
- Սերժ Սարգսյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան
- Նախագահը Մոսկվայում հանդիպել է մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների հետ
- Մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի. Սերժ Սարգսյան
- Այսօր իրականացվող բարեփոխումները մեկ տարի անց կհանգեցնեն լիարժեք խորհրդարանական համակարգի. ՀՀ նախագահ
- ՀՀ Նախագահին շնորհվել է «ՄՄՀՊԻ Պատվավոր դոկտորի» կոչում
- Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է ՌԴ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին