Քյոլնում Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի
Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության հուշարձան կկառուցվի: Գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական «Milliyet» լրատվական կայքը:
Սկզբնաղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի մասին որոշումը կայացվեց հենց հիմա, երբ թուրք-գերմանական հարաբերությունները հատկապես լարված են:
Քյոլնի քաղաքային խորհրդի գլխավոր հանձնաժողովի որոշմամբ՝ հուշարձանը կկանգնեցվի «Lehmbacher Weg» գերեզմանատանը: Ի դեպ, նշենք, որ այս գերեզմանատանն առկա է նաև մահմեդականների գերեզմաններ:
Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի առաջարկն արվել է դեռևս 2015 թվականին՝ Քյոլնի շուրջ 5.000 հոգանոց հայ քրիստոնյա համայնքի կողմից: Համապատասխան դիմումը նախ ներկայացվել է Քյոլնի բնապահպանության հանձնաժողովին, իսկ այնուհետև՝ բողոքարկման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից ստացված դրական պատասխանից հետո հարցը բերվել էր քաղաքային խորհրդի գլխավոր հանձնաժողովի օրակարգ:
Քյոլնի թուրքական համայնքը դժգոհությամբ է ընդունել այս որոշումը: Համայնքի առաջատար ներկայացուցիչներից Լևենթ Թաշքըրանը նշել է, որ իրենք երկու տարի շարունակ պայքարել են, որպեսզի Հայոց ցեղասպանության հուշարձանի վերաբերյալ որոշումը չհաստատվի: Թաշքըրանը կրկին խոսել է «ընդհանուր վշտի» մասին Թուրքիայի պաշտոնական թեզի դիրքերից՝ Քյոլնի քաղաքապետարանի որոշումը վիրավորական համարելով տեղի թուրք համայնքի համար:
Հայտնի է, սակայն, որ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի մասին որոշումը վերջնական է և որևէ այլ կառույցի կողմից հաստատման կարիք չունի:
Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ Գերմանիան և Նիդերլանդները խոչընդոտել էին մի շարք թուրք քաղաքական գործիչների՝ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ այս երկրներում քարոզարշավ իրականացնելու փորձերը: Գերմանիան նաև սահմանադրական դատարանի մակարդակով արգելել է իր երկրում թուրք քաղաքական գործիչների նմանատիպ ցանկացած գործունեություն:
Ավելին, Գերմանիան իր աջակցությունն է հայտնել նաև Հոլանդիային, որի կառավարությունը նույն արգելքն էր սահմանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ընտանիքի ու սոցիալական հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայամ Քայաի համար՝ վերջինիս արտաքսելով երկրից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին