Ֆրանսիայից փոստային ծառայության միջոցով Հայաստան առաքված թմրամիջոց է հայտնաբերվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցներ տեղափոխելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հայտարարվել է հետախուզում։
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացի, Ֆրանիսայում փաստացի հաշվառված Ա.Ավանեսովը հեռախոսակապի միջոցով նախնական համաձայնության է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ՝ առանձնապես խոշոր չափերի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքելու և վերջինիս իրացնելու հարցի շուրջ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ կալանավորը Ա.Ավանեսովին հաղորդել է իր եղբոր տվյալները և հաշվառման հասցեն՝ ծանրոցը, որտեղ պետք է թաքցվեր թմրամիջոցը, եղբոր անվամբ առաքելու նպատակով:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցը փաթեթավորվել է պոլիէթիլենային փաթեթում և մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով տեղադրվել սափրվելու համար նախատեսված փրփուրի տարայի մեջ, ապա Ֆրանսիայի Հանրապետությունում գործող փոստային ծառայության միջոցով առաքվել Հայաստան՝ կալանավորի եղբոր հաշվառման հասցեով: Թմրամիջոցը հայտնաբերվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստերի փոխանակման կետում՝ ծանրոցի զննության ընթացքում:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել Ա.Ավանեսովին որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: