«Հաց բերողի» քրեական գործով խախտվել է նրա կյանքի իրավունքը. Ա.Զեյնալյան
«Արթուր Սարգսյանի քրեական գործով Հայաստանի Հանրապետության կողմից խախտվել են մի շարք հիմնարար իրավունքներ»,- «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
«Մասնավորապես, խախտվել է նրա կյանքի իրավունքը, երբ նրան ազատազրկել էին և նրա ազատազրկումն անհամատեղելի էր նրա առողջական վիճակի հետ: Ուստի, այս հանգամանքը հանգեցնում է կյանքի իրավունքի խախտման: Խախտվել է նրա անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքը»,- նշեց իրավապաշտպանը:
Ա. Զեյնալյանի կարծիքով, սա հերթական գործն է դառնալու, որով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արձանագրվելու է, որ ՀՀ-ն չի կատարել իր պարտավորությունները, որոնք ստանձնել է Եվրոպայի խորհրդի առջև և ստանձնել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:
Հիշեցնենք, որ Երևանի 49-ամյա բնակիչ Արթուր Սարգսյանին «Հաց բերող» անունով կնքեց հասարակությունը՝ ՊՊԾ շենքը գրաված ու քանի օր պաշարման մեջ գտնվող, հանձնվել չհամաձայնող ու առանց սնունդ մնացած «Սասնա Ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցնելու համար:
Նա իր մեքենայով, որի մեջ սնունդ էր միայն, ոստիկանների կրակոցների տակ, մտավ ՊՊԾ գունդ, իր արածը հիմնավորելով, որ չէր կարող առանց հաց թողնել մարդկանց:
Ու թեև ողջ հասարակությունը գնահատեց նրա արարքը մարդասիրական և ապաքաղաքական, այնուամենայնիվ 2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։ Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։
Չնայած փաստաբանների պնդմանը, որ Արթուր Սարգսյանը վատ առողջական վիճակում է և նրա արարքը այնպիսին չէ, որ նրան ձերբակալած պահեն, 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանին կալանքից ազատելուց հետո կրկին, 2017 թվականի փետրվարի 9-ին, ձերբակալեցին:
Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը, որ առանց այն էլ լավ չէր, կտրուկ վատացավ:
Մի քանի պատգամավորների միջնորդությամբ նա մարտի 6-ին ազատ արձակվեց, տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ: Այսօր մահացավ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ն՝ Արթուր Սարգսյանի մահվան պատճառների մասին
- Գլխավոր դատախազը հանձնարարել է ՔԿ-ին «Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել
- «Հաց բերող»-ի հիշատակին նվիրված բողոքի երթ (Լրացված)
- Սուրեն Մակարյան. Հաց բերողը մահացել է սիրտ-թոքային սուր անբավարարության հետևանքով
- Մահացել է Հաց բերողը
- «Հաց բերողը» տեղափոխվել է հիվանդասենյակ
- «Հաց բերող»-ն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան