Ո՞ր կուսակացություններն են ի հիշատակ Հաց բերողի դադարեցնում քարոզարշավը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ելք» դաշինքը Հաց բերողի մահվան կապակցությամբ դադարցրել է թիվ 2 ընտրատարածքի քարոզարշավը:
Տեղեկանալու՝ արդյոք քաղաքական մյուս ուժերը նույնպես, ի նշան հարգանքի, պատրաստվում են դադարեցնել ընտրարշավը, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ:
Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը հայտնեց, որ իրենք լուրն իմանալուն պես Մալաթիա վարչական շրջանում դադարեցրել են քարոզարշավը, որն այսօր իրականացվում էր թիվ 3 ընտրատարածքում: Նա նաև ասաց, որ կուսակցությունը Հաց բերողի մավան կապակցությամբ ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ:
Հայկական վերածնունդ կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանն էլ ասաց, որ, այսպես թե այնպես, այսօր և վաղը՝ մինչև կեսօր, իրենք քարոզարշավ չէին անցկացնելու։ Քաղաքական այս ուժի պարագայում, փաստորեն, դեպքերը ակամայից համընկան։
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանն ևս տեղեկացրեց, որ քարոզարշավն, այսպես թե այնպես, դադարեցված է՝ եղանակային վատ պայմանների պատճառով։ Իսկ թե վաղը կամ մյուս օրը, ի նշան հարգանքի, քարոզարշավը կդադարեցվի՞, նա դեռևս տեղեկություններ չուներ։ Մանուկյանի խոսքով, դեռ նման որոշում չկա։
ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն իր հերթին նշեց, որ հարցի առնչությամբ կուսակցությունում քննարկումներ չեն ծավալվել։ Նա նաև հիշեցրեց, որ ըստ նախանշվածի՝ այսօր երեկոյան հանդիպում ունեն Արաբկիր վարչական շրջանի ընտրողների հետ, այլ մանրամասների ինքը չի տիրապետում։
Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Տաճատ Սարգսյանն անտեղյակ էր, որ Հաց բերողը մահացել է։ Նա նախ ճշտեց, թե ո՞ր կուսակցություններն են որոշել ի նշան հարգանքի՝ դադարեցնել ընտրարշավը, այնուհետ հավելեց, որ հարցի շուրջ կխորհրդակցեն և լրացուցիչ կծանուցեն։
ՀՅԴ գերագույն մարմին ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ տեղեկացրեց, որ քարոզարշավն այս պահին բնականոն հունով ընթանում է։ Նա դժվարացավ նշել՝ արդյոք ընտրարշավի դադարեցման շուրջ քննարկումներ կծավալվեն, թե ոչ։
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ քարոզարշավը այսօր դադարեցվել է, և երեկոյան Աջափնյակ վարչական շրջանում կայանալիք բակային հանդիպումները տեղի չեն ունենա։
«Սակայն վաղը մենք մեր քարոզարշավը կշարունակենք Եղեգնաձորում։ Սա լավագույն հարգանքի տուրքը կլինի Հաց բերողի հիշատակին։ Նրա մահը մեզ համար շոկ էր։ Նա արդարության խորհրդանիշ էր։ Արթուրի պայքարն արդար Հայաստանի համար էր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Գագիկ Ծառուկյանը, Արթուր Սարգսյանի մահվան լուրն ստանալուն պես, խնդրել է նրա հարազատներին փոխանցել իր ակնեղծ ցավակցությունները և խորին հարգանքը։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն էլ քիչ առաջ հայտարարություն տարածեց, որում մասնավորապես նշված է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հետեւողական է լինելու Արթուր Սարգսյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու հարցում օրենքի ողջ խստությամբ՝ իրական արդարադատության համակարգի կայացման արդյունքում»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին