Թուրք նախարարը դժգոհ է Գերմանիայում Հայոց ցեղասպանության հուշակոթող կառուցելու որոշումից
Թուրքիայում դժգոհություն է առաջացրել Քյոլնում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթող կառուցելու որոշումը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «A Haber» լրատվական հեռուստաալիքի եթերում հյուրընկալված Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Օմեր Չելիքը կարծիք է հայտնել, որ նմանատիպ որոշումները միմյանցից ավելի ու ավելի են հեռացնում հայ և թուրք ժողոցվուրդներին:
Նա նշել է, որ թուրքական կողմը ճիշտ չի համարում այս որոշումը, ինչպես որ տեղին չէր համարել ավելի վաղ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումը:
«Նման որոշումները սովորաբար բնութագրվում են որպես պատմության, հայ ազգի առաջ պատասխանատվության ընդունում, սակայն իրականում պատմական իրադարձություններն օգտագործվում են հայ և թուրք ժողովուրդների միջև եղած անդունդը ավելի խորացնելու համար:
Սա կարող է դուր գալ հայկական սփյուռքին, բայց նմանատիպ որոշումները Թուրքիայի նկատմամբ անարդարացի են և միևնույն ժամանակ հարձակում են հայ-թուրքական կարգավորման գործընթացի դեմ: Սա ոչ թե պատմական արդարության վերականգնում է, այլ պարզապես ցեղասպանության հռետորաբանության միջոցով Թուրքիայի դեմ օգտագործվող քաղաքական մանյովր», - ասել է թուրք նախարարը:
Չելիքը կրկին ներկայացրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական տեսակետը՝ խոսելով «ընդհանուր ցավի» վարկածի, պատմաբանների համատեղ հանձնաժողով կազմելու, հայ-թուրքական երկխոսությունն ապահովող հարթակներ ստեղծելու անհրաժեշտության մասին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Գերմանիայի Քյոլն քաղաքի կառավարությունը նախօրեին հաստատել էր «Lehmbacher Weg» գերեզմանատանը Հայոց ցեղասպանության հուշակոթող տեղադրելու մասին որոշումը: Նախագիծն առաջարկվել էր Քյոլնի հայ համայնքի կողմից՝ 2015թ.:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին