Ստուգման ենթակա է ոչ թե ներմուծվող, այլ մանրածախ շուկայում վաճառվող նավթամթերքը. Սուրեն Կարայան
«Ես համաձայն չեմ այդ պնդման հետ, թե վատորակ նավթամթերք է ներմուծվել Հայաստան»,- այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տարիներ շարունակ Հայաստան անորակ նավթամքերք է ներմուծվել:
«Նավթամքերքը եթե ներմուծվում է Եվրասիական տնտեսական միությունից, ու եթե կա համապատասխան սերտիֆիկատ ու փաստաթուղթ, որը վկայում է, թե ինչ որակի նավթամթերք է ներմուծվել Հայաստան, ապա մենք դա հիմք ենք ընդունել: Իսկ եթե այն ներմուծվում է երրորդ երկրից, ապա մենք ինքներս ենք որակը վերհսկում», - նշեց նախարարը:
Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկամսյա ժամկետում բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում, չարաշահումների վերացման որակի վերահսկողության գործառույթները առավել արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան թույլտվությունները ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատման վերաբերյալ՝ հաշվի առնելով ՀՀ ներքին շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:
Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ Սուրեն Կարայանն ասաց, որ նախարարությունը համապատասխան ժամկետում այդ ուսումնասիրությունները կիրականացնի և առաջարկությունները կներկայացնի կառավարություն:
Ըստ նախարարի, ստուգելու են մանրածախ շուկայում գտնվող նավթամթերքի որակը, այսինքն՝ ստուգման ենթակա է ոչ թե ներմուծվող, այլ մանրածախ շուկայում վաճառվող նավթամթերքը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը պահանջում է հետևել նավթամթերքի որակին
- Վիգեն Սարգսյանը մեկնաբանում է ռազմական տեխնիկայի վառելիքի որակի մասին վարչապետի հայտարարությունը
- «Կերոսինի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին»
- Տեր եմ. Վարչապետը՝ Փաշինյանին