«Պետերբուրգյան գարուն-2017»-ում հաղթել է հայաստանյան մասնակիցը
Սանկտ Պետերբուրգում կայացել է «Պետերբուրգյան գարուն-2017» արվեստների միջազգային մրցույթը: Մրցույթն իրականացվել է 9 անվանակարգերում և ժանրերում` «Պարարվեստ», «Էստրադային երգեցողություն», «Ակադեմիական երգեցողություն և Երգչախմբային արվեստ», «Ժողովրդական երգեցողություն», «Գործիքային արվեստ», «Թատերարվեստ», «Կրկեսային արվեստ», «Կերպարվեստ», «Հեղինակային երգ»:
ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, այս հեղինակավոր մրցույթին մասնակցել են ավելի քան 80 համույթներ և 450 մենակատարներ` Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Սլովակիայից և այլն:
Հայաստանյան մասնակից Ալեքսանդրա Կուզմինան, ով ներկայացնում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը (լարային բաժնի X դասարան, դասատու` պրոֆեսոր Գագիկ Սմբատյան) «Գործիքային արվեստ» անվանակարգում արժանացել է հաղթողի կոչման և առաջին մրցանակի: