Հաստատվեց գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագիրը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի նախագծին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ ծրագրի հիմնական նպատակն է՝ գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկա տրամադրել:
«Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար առաջարկել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ: Ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական տեխնիկան տնտեսավարողներին կտրամադրվի լիզինգային եղանակով, հաշվի առնելով 2013-2016 թվականներին գյուղացիական տնտեսություններին և համայնքներին լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի տրամադրման դրական փորձը և արդյունքները»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ գյուղատնտեսության նախարարությունն աշխատում է, որպեսզի մաքսիմալ ժամանակակից պայմաններ ստեղծվեն գյուղատնտեսության զարգացման համար:
«Մենք պետք է հստակ հասկանանք և իմանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների, գյուղմեխանիզացիայի և այլ խնդիրներ չլուծենք, մենք ռեալ դրական արդյունքներ չենք ունենալու: Հստակ հասկանում ենք, թե ոնց ենք անում և երկրորդը 2,2 միլիարդով չենք սահմանափակվում, եթե լիզինգի ցանկացողների թիվը շատ լինի, մենք անպայման դրան ռեսուրս կգտնենք»,- ասաց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է մաքսիմալ ուշադիր լինել:
«Այս կառավարության որոշումն ընդունելուց հետո պետք է չհանգստանալ և թողնել ինքնահոսի, այլ պետք է համայնքներում մարզպետները, ձեր նախարարությունը զբաղվի այս քարոզչությամբ և այս գործարքի ձեռքը բռնած գյուղատնտեսին ուղեկցի, որտեղ է լիզինգը ձևակերպում, ամեն ինչով պետք է աջակցել»,- ասաց վարչապետը:
Իգնատի Առաքելյանը հայտնեց, որ նախարարության պաշտոնական կայքում կտեղադրվի ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:
Նշենք, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 90%-ն օգտագործվում է 20 տարուց ավելի և անցել է ամորտիզացիայի համար սահ¬մանված ժամկետները: Գյուղատնտեսական տեխնիկայի մաշվածության հետևանքով կտրուկ ավելանում է նորոգում¬ների և տեխնիկական սպասարկումների ծախսը, որի հետևանքով բարձրանում են նաև ծառայությունների սակագները: Գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ չափով բավարարված չէ տեխնիկական միջոցներով` ինչպես քանակական, առավել ևս որակական առումով:
Հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի վիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ տեխնիկական միջոցների միջին սարքինության մակարդակը կազմում է շուրջ 79 %: Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանը գործունակ պահելու համար անհրաժեշտ է այն թարմացնել տարեկան 10-12.5 տոկոսի չափով, մինչդեռ 1992 թվականից ի վեր ներկրված սակավաթիվ տարատեսակ տեխնիկական միջոցները լիարժեք չեն ապահովել հավաքակազմի նորացումը, առավել ևս, որ մշակելի հողակտորների ներկայիս կտրտվածությունը, չափերը և մշակաբույսերի բազմազանությունը պահանջում են նաև հավաքակազմի տեխնիկական միջոցների տեսակների փոփոխություն:
«Մեքենատրակտորային հավաքակազմի վերազինման գործում առկա դժվարությունները հիմնականում պայմանավորված են տեխնիկան շահագործող սուբյեկտների և գյուղացիական տնտեսությունների ֆինանսական սուղ հնարավորություններով, ներմուծվող մեքենայացման միջոցների բարձր գներով, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարման մատչելի մեխանիզմների բացակայությամբ ու եղածների անկատարությամբ և այլն»,- նշված է հիմնավորման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին