Ղազախստանում սպանել են փաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոնին
Ղազախստանի Կոկշետաու քաղաքում սպանվել է փաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն Եվգենի Գալուզինսկին, գրում է lenta.ru-ն։
Ոստիկանության տվյալներով, մարտի 14-ի գիշերը քոլեջի մի խումբ ուսանողների և 25-ամյա մարզիկի միջև լեզվակռիվ, այնուհետ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ մարզիկը դանակի հարվածներ է ստացել։ Նա տեղում մահացել է։
Փաստի առնչությամբ կատարվում է հետաքննություն։ Այժմ իրավապահների հսկողության տակ է 18-ամյա մի ուսանող, միջադեպի ևս 4 անդամ ստորագրությամբ ազատ են արձակվել։
Գալուզինսկին աշխարհի երիտասարդների չեմպիոն է, ինչպես նաև Ղազախստանի փաուերլիֆթինգի գծով բազմակի չեմպիոն։ Սա մի մարզաձև է, որն իրենից ներկայացնում է ուսերին դրված ծանրաձողով կքանստում, ծանրաձողի բարձրացում պառկած վիճակում և ծանրաձողի պոկում հարթակից։