Քաղաքագետը՝ ՀՀ նախագահի ՌԴ այցի կարևորության մասին
«Հանրապետության նախագահի այցը Ռուսաստանի դաշնություն բավականին կարևոր և սպասված այց էր և հանդիպումների բովանդակությամբ, և հայտարարությունների, և այցի ժամանակ արված շեշտադրումների»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ կատարած այցին:
«Բնականաբար, եղել են կոնկրետ պայմանավորվածություններ և ռազմաքաղաքական, և տնտեսական բլոկի, որոնք մշտական շփման, բանակցությունների առարկա են: Բացի դրանից, կոնկրետ արդյունքներից կարելի է համարել երկու նախագահների համատեղ հայտարարությունները, որտեղ բոլոր խնդիրների շուրջ շեշտադրումներ հստակ դրվել են»,- նշեց քաղաքագետը:
Նա հատկապես առանձնացրեց այդ հայտարարությունների հինգերորդ կետը. «Այդտեղ խոսքը գնում է, որ կողմերը շարունակելու են երկկողմ համագործակցությունը և կարևոր շեշտադրումն այն է, որ հատուկ նշվում է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովումը»:
Մինասյանի խոսքով՝ վերլուծաբանների և քաղաքական գործիչների ուշադրությունից չվրիպեց այն հանագամանքը, որ Պուտինն առանձնահատուկ անդրադարձ էր կատարել նաև ՀՀ-ում ընտրություններին:
«Բացի քաղաքական դաշտին վերաբերող հայտարարություններից կարևոր են նաև տնտեսական, ներդրումային համակարգի հետ կապված պայմանավորվածություններն ու բանակացությունները, որոնք եղան Պուտինի և Մեդվեդևի հետ»,-ասաց նա:
Քաղաքագետը շեշտեց, որ պետք է ուշադրություն դարձնել նաև այն ամենին, ինչի մասին չխոսվեց:
«Որևէ ձևով չտեսանք բացասական անդրադարձ օրինակ՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ավելին նախագահների համատեղ և հայտարարության, և առանձին մամուլի ասուլիսի ժամանակ կարելի է գտնել որոշ դրվագներ, որտեղ խոսվում է նրա մասին, որ կողմերը կշարունակեն համագործակցությունը եվրոպական, միջազգային տարբեր հարթակներում»,-հավելեց Սերգեյ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Առանձնակի ուշադրություն ենք հատկացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին. Վլադիմիր Պուտին
- Ուժի սպառնալիքի կիրառումը բացարձակապես անթույլատրելի է և վնասում է խաղաղ գործընթացին. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան
- Այսօր իրականացվող բարեփոխումները մեկ տարի անց կհանգեցնեն լիարժեք խորհրդարանական համակարգի. ՀՀ նախագահ