Անահիտ Բախշյանը ԿԳ նախարարին հրավիրել է բանավեճի, սակայն վերջինը դեռ չի արձագանքել
Կրթությունը մղվել է տասներորդական պլան, այն դեպքում, երբ կրթությունն ազգային անվտանգության երաշխիքն է: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ազատ դեմոկրատներ կուսակցության պատգամավորության թեկնածու Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ թեև մեկ շաբաթից ավելi է՝ ԿԳ նախարարին հրավիրել է բանավեճի, սակայն առայժմ որևէ արձագանք չի ստացել:
Բանախոսը նշեց, որ թեև համաշխարհային վիճակագրության համաձայն՝ Հայաստանի բնակչության մեծ մասը բարձրագույն կրթություն ունի, սակայն նույն այդ վիճակագրության համաձայն՝ շարունակում է բուհական կրթությամբ գործազուրկների թվաքանակով առաջատար երկիր մնալ:
«Ինչ վերաբերում է նախադպրոցական կրթության ոլորտին, ապա 2010 թվականի Երևանի զարգացման ծրագրի համաձայն՝ 47 մանկապարտեզների շենքերում տեղակայված են 106 ամենատարբեր կազմակերպություններ: Ընդ որում՝ դրանց զգալի մասը տրված է անվարձահատույց, գուշակում ենք, թե ում: Մանկապարտեզներն այդպես էլ չեն վերադարձվում իրական տերերին՝ երեխաներին, այն դեպքում, երբ մանկապարտեզ հաճախելու համար տարեկան մոտ 8 հազար երեխա է հերթագրվում»,- փաստեց պատգամավորության թեկնածուն:
Անահիտ Բախշյանը նաև շեշտեց՝ պետական փողերը մսխած, դրա համար դատված և հետո ազատության մեջ հայտնված մարդն իրավունք չունի վերադառնալ կրթության ոլորտ, առավել ևս՝ դպրոցի տնօրենի պաշտոն զբաղեցնել:
Ասուլիսի մյուս բանախոս, ֆիզմաթգիտությունների թեկնածու Արթուր Աղաբաբյանն էլ իր հերթին նկատեց՝ Հայաստանում կարելի է բարձրորակ կրթական համակարգ կառուցել, միայն թե առանձին օղակների առանձին մարդիկ գերադասեն ոչ թե սեփական, այլ պետության շահը: Նրա խոսքով, պետք է կրթական ոլորտի որոշակի մեխանիզմների փոփոխություն իրականացնել՝ մտածելով, որ անվտանգության ամենակարևոր անկյունաքարը կրթությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին