Լավրով. «Մենք միայն կողջունեինք, որ ԵՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի»
Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին, երբ դրանք սկսվեն, և կողջուներ, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացումը: Այս մասին «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Regional Post – Caucasus պարբերականի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կարևոր դերակատարում է ունեցել 2007-2009 թվականներին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ապասառեցման գործում, սակայն ավելի ուշ կարգավորման գործընթացը դադարել է:
«Սկզբունքորեն կարևոր է, որ կողմերը ցուցադրել են պայմանավորվելու և լուրջ, պատասխանատու որոշումներ ընդունելու ունակություն: Համոզված եմ՝ Հայաստանը և Թուրքիան ընդունակ են կարգավորելու եղած խնդիրները: Ըստ որում՝ շատ բան կախված է հենց իրենցից: Չէ որ, քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլև լավատես լինելու ընդունակությամբ, որ իրականացնեն իրենց քաղաքացիների հույսերն ու սպասումները: Երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ, Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց ամենաակտիվ աջակցություն ցուցաբերելու»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հավանականությանը և տարածաշրջանային նշանակությանը՝ Լավրովը նշել է. «Բնականաբար, մենք միայն կողջունեինք, որ ԵՏՄ-ի արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բացվի մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար: Դա, անկասկած, օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին