Это было давно и неправда. ՀՎԿ պատգամավորության թեկնածուն՝ մուրաբա բաժանելու մասին
Հայկական վերածնունդ կուսակցության պատգամավորության թեկնածու Մարիաննա Ֆրունջյանի համոզմամբ՝ քարոզարշավը բավական հետաքրքիր է զարգանում: Նա անձամբ փորձում է լսել և հասկանալ բնակիչների հիմնախնդիրները: Այս մասին ՀՎԿ անդամը հայտնեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մարիաննա Ֆրունջյանը հույս հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում կուսակցությունը կկարողանա ավելի մեծ թիմ հավաքել. «Պարզապես սթափության կոչ եմ անում: Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ինքնագիտակցականը, հասկանան, որ պետք է ձևավորել քաղաքակիրթ պառլամենտ: Մարդիկ հոգնել են լճացած վիճակից: Հիմնախնդիրները խորն են և արմատական: Մենք պետք է ապրումակցենք մարդկանց խնդիրներին»:
Ասուլիսին ներկա ՀՎԿ պատգամավորության թեկնածուներից Կարեն Թումանյանն էլ իր հերթին նկատեց, որ կուսակցության նախընտրական ծրագրի 30 կետերը խիստ իրատեսական են: Պատճառն, ըստ նրա, այն է, որ նախանշված ծրագրերին զուգահեռ՝ Հայկական վերածնունդ կուսակցությունը մատնանշում է նաև դրանց ֆինանսավորման աղբյուները. «Այլևս ոչ ոք մեզ չի կարող ուտոպիայի և պոպուլիզմի մեջ մեղադրել: Երբ ասում են բյուջեում փող չկա, մենք էլ ասում ենք՝ ոչ մի երկիր իր բյուջեն չի կառուցում կարմիր գծերից ստացված եկամուտներով: Ընդհանուր առմամբ Կառավարությունը ճիշտ չի ծախսում բյուջեի միջոցները»:
Անդրադառնալով նախորդ ընտրությունների ժամանակ ՕԵԿի կողմից մուրաբա բաժանելու փաստին՝ Կարեն Թումանյանը նշեց՝ մուրաբան չի կարող ընտրակաշառք դիտվել:
«Գնացել ենք, ձեռի հետ էլ մի բան ենք տարել: Հետո, это было давно и неправда: Այն ժամանակ որոշ գյուղապետեր ջիպեր էին ստանում, հինգ հազարով ձայներ բերում: Ինչո՞ւ այդ մասին ոչ ոք չի խոսում»,- հարց հնչեցրեց նա:
Վերջում պատգամավորության թեկնածուն նշեց, որ քարոզարշավի ընթացքում եղել են կուսակցության պաստառները պոկելու դեպքեր, իրենք դիմել են ոստիկանություն:
«Սա քայլ է՝ ընդդեմ ՀՎԿ-ի: Մեր կուսակցության վարկանիշը շատ բարձր է: Եթե մենք մտնենք ԱԺ, մեկը մյուսի հետևից օրինագծեր ենք ներկայացնելու»,- ամփոփեց Կարեն Թումանյանը՝ ընտրողներին հորդորելով այս անգամ իրենց վստահել ավելի, քան վստահել են երբևէ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան