Սուրեն Մակարյան. Հաց բերողը մահացել է սիրտ-թոքային սուր անբավարարության հետևանքով
«Արթուր Սարգսյանի մահվան պատճառը եղել է սիրտ-թոքային սուր անբավարարությունը: Վիրահատությունից հետո բերվել է մեր բաժանմունք, գտնվել է արհեստական ապարատային շնչառության տակ: Այդպես էլ շնչառությունը չկարգավորվեց, եղավ սրտի կանգ»,-Ազատություն ռ/կ –ի եթերում ասաց «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:
Նա ասաց, որ անցած գիշեր Սարգսյանին չի տեսել, նա հիվանդանոց է տեղափոխվել «օղակված ճողվածք» ախտորոշմամբ, ծանր վիճակում:
«Նա ունեցել է աղիի ոլորում, այդ իսկ պատճառով վիրահատվել է: Եթե անհապաղ չվիրահատվեր, ապա աղին կմեռուկանար»,-ասաց նա:
Մասնագետը հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանն օրեր առաջ ԲԿ-ի գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքից դուրս էր գրվել: Նրա խոսքով, Սարգսյանը ճողվածք ունեցել է, բայց խնդրի մասին բժիշկներն այդ ժամանակ չեն իմացել:
«Չեմ կարող ճողվածքի օղակումը հացադուլի հետ կապել»,-ասաց նա:
Բժիշկն ասաց, որ նրան քնացնում էին, որպեսզի արհեստական շնչառությանը չխանգարեր, դժվարացավ ասել, վիրահատությունից հետո Արթուր Սարգսյանը գիտակցության եկել է, թե ոչ:
Հիշեցնենք, որ Երևանի 49-ամյա բնակիչ Արթուր Սարգսյանին «Հաց բերող» անունով կնքեց հասարակությունը՝ ՊՊԾ շենքը գրաված ու քանի օր պաշարման մեջ գտնվող, հանձնվել չհամաձայնող ու առանց սնունդ մնացած «Սասնա Ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցնելու համար:
Նա իր մեքենայով, որի մեջ սնունդ էր միայն, ոստիկանների կրակոցների տակ, մտավ ՊՊԾ գունդ, իր արածը հիմնավորելով, որ չէր կարող առանց հաց թողնել մարդկանց:
Ու թեև ողջ հասարակությունը գնահատեց նրա արարքը մարդասիրական և ապաքաղաքական, այնուամենայնիվ 2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց և նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։ Օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը և նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։
Չնայած փաստաբանների պնդմանը, որ Արթուր Սարգսյանը վատ առողջական վիճակում է և նրա արարքը այնպիսին չէ, որ նրան ձերբակալած պահեն, 2016 թվականի դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանին կալանքից ազատելուց հետո կրկին, 2017 թվականի փետրվարի 9-ին, ձերբակալեցին:
Երկրորդ ձերբակալության առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը, որ առանց այն էլ լավ չէր, կտրուկ վատացավ:
Մի քանի պատգամավորների միջնորդությամբ նա մարտի 6-ին ազատ արձակվեց, տեղափոխվեց «Արմենիա» ԲԿ:
Այսօր մահացավ:
Հարակից հրապարակումներ`
- «Հաց բերողի» մահվան կապակցությամբ «Ելք»-ը դադարեցրել է ընտրարշավը
- Մահացել է Հաց բերողը
- Հաց բերողն ապրիլի 2-ին լինելու է Եռաբլուրում՝ ի հիշատակ ապրիլյան դեպքերի ժամանակ զոհված հերոս տղաների. «Հրապարակ»
- «Հաց բերողը» տեղափոխվել է հիվանդասենյակ
- «Հաց բերող»-ն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին